Մանկահասակ երեխայի մահ, գողություններ. Շիրակի տոնական օրերի խրոնիկան` ըստ դատախազի

Տոնական օրերին Շիրակի մարզում գրանցված դեպքերի ու պատահարների հետագա ընթացքն է Sputnik Արմենիային ներկայացնում մարզային դատախազ Կարեն Գաբրիելյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում 5 ամսական երեխայի մահվան գործով նյութեր  են նախապատրաստվում:  Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը` փաստելով, որ  նյութերը նախապատրաստվում են երեխայի հոր հաղորդագրության հիման վրա:

Գյումրիում 5 ամսական երեխա է մահացել

«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Օրենքով նախատեսված նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետը լրանալուց հետո կկայանա քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին որոշում: Փորձաքննության եզրակացության արդյունքներից ելնելով՝ կհստակեցվի, թե որն է եղել փոքրիկի մահվան պատճառը: Բժիշկների կողմից ենթադրյալ չարաշահումներ կամ բացթողումներ կատարելու հարցերը պարզելու համար ևս անհրաժեշտ է փորձաքննության եզրակացությունը»,-նշեց դատախազը` հավելելով,որ  այս պահին այլ հանգամանքներ դեռ պարզված չեն:

Նշենք, որ  դեպքը գրանցվել էր հունվարի 5-ին «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական մանկական հիվանդանոցում»: Երեխայի հայրը հաղորդագրություն էր ներկայացրել, որ երեխայի մահը տվյալ բուժհաստատության բուժանձնակազմի անբարեխիղճ աշխատանքի  ու անփութության  պատճառով է գրանցվել:

Գյումրիում տոնական օրերին արձանագրվել է նաև  գողության  մի քանի դեպք, դրանցով նույնպես նյութեր են նախապատրաստվում: «Նախապատրաստվում են նյութեր, ինչպես նաև արդեն կա հարուցված քրեական գործեր»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:  Ի դեպ, գողերն իրենց համար թիրախ ընտրել էին  այն բնակարանները, որոնց տերերը  տոնական օրերը որոշել էին նշել ոչ Գյումրիում։

Նշենք, նաև, որ դեկտեմբերի 31-ին Գյումրիում  ճայթունների հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել տարբեր տարիքի անչափահաս երեխաներ: Դատախազը տեղեկացրեց, որ այս  փաստերով նույնպես նյութեր են նախապատրաստվում: