ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Շիրակի մարզում երեկ՝ հունվարի 5-ին, 2 առանձնապես խոշոր չափի գողության դեպքեր են գրանցվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Մազմանյան փողոցի բնակիչ, 40-ամյա Էդիկ Ոսկանյանը և հայտնել, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 17։30-ից մինչև հունվարի 5-ի 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հավանաբար իմանալով, որ տան անդամները այդ օրերին տանը չեն լինելու, տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակների պատուհանները բացել են, ներս մտել տուն, տակնուվրա արել գույքը և այնտեղից հափշտակել 1 մլն 500 հազար դրամ։
Ոստիկանության բաժին է դիմել նաև Փանյան փողոցի բնակիչ, 31-ամյա Սամվել Բադոյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, հավանաբար իմանալով, որ տան անդամները բացակայում են, կոտրել են ննջասենյակի պատուհանի ապակին, մտել տուն և ննջասենյակներում պահվող զարդատուփերից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր։
Ընդհանուր գումարը կազմում է մոտ 2 մլն դրամ։
Գողության փաստերով Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։