Դաժան սպանություն Սյունիքում. որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է հորը

Հորը սպանած երիտասարդն առաքիչ է աշխատում «Աթենք» ՍՊԸ-ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմանում Սիսիանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Գյումրիում 5 ամսական երեխա է մահացել

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ, 52-ամյա Դավիթ Հովակիմյանն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածի կրծքավանդակի ձախ մասում կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած 4 հետք։

Մինչ դատաբժիշկը դիակի զննություն է կատարել, պարզվել է նաև, որ սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 22-ամյա Նարեկ Հովակիմյանը։

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հայտնաբերել են կասկածյալ Ն. Հովակիմյանին և բերման ենթարկվել Ոստիկանության Սիսիանի բաժին։

Հովակիմյանը ձերբակալվել է։

Հանցագործության վայրում իրավապահները հայտնաբերել են 2 արյունոտված դանակ, որոնք քննիչն առգրավել է։

Կայքի տեղեկություններով՝ Հովակիմյանն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։