Հայ գիտնականը` որպես հավաքական կերպար, հավանաբար ֆանատիկ է ու անհավանական համառ։ Այլապես կդադարեր իր գոյությունը` հաշվի առնելով այն, ինչ վերջին երեք տասնամյակների ընթացքում գիտության հետ արեց իշխանությունը։ Այդպիսի պայմաններում պարզապես պետք է գերկենսունակությամբ օժտված լինես ջրի վրա մնալու համար։
Հայ գիտնականը հայրենիքում աշխատում է մինչև վերջ, իսկ երբ գալիս է այդ «վերջի» պահը, որպես կանոն, մեկնում է գիտական գործունեությունն աշխարհի լավագույն հետազոտական հաստատություններում շարունակելու։ Վառ օրինակ է հայ աստղաֆիզիկոսների հիանալի սերունդը, որն աշխատում է ամենահեղինակավոր համալսարաններում և զբաղվել կարևորագույն նախագծերով։
Արև անունով աստղը
Ահա և օրինակը։ 2018 թվականի հոկտեմբերին հայտարարվել էր, որ տարբեր երկրների աստղաֆիզիկոսները, որոնք միավորվել են Պորտուգալիայի Աստղաֆիզիկայի և տիեզերական գիտությունների ինստիտուտում աշխատող Վարդան Ադիբեկյանի գլխավորած հետազոտական նախագծի շուրջ, մի աստղ են հայտնաբերել, որին կարելի է համարել մեր հարազատ Արևի նմանակը։ Այդ աստղը ստացել է տաղտկալի HD186302 անվանումը, բայց այդ դեղին գաճաճը ի զորու է մեկ ակնթարթում ցրել ձանձրույթը։
Գիտնականներն ասում են, որ, ըստ ամենայնի, նոր Արևի շուրջ գրեթե նույն ուղեծրերով մի քանի մոլորակ է շարժվում, որոնք կարող են հարմար լինել կյանքի առաջացման համար։ Այսինքն նմանությունը ոչ միայն երկու աստղերի ֆիզիկական բնութագրերի մեջ է, այլ նույնիսկ նրանցով կազմված մոլորակային համակարգերի։ 2019 թվականին Պորտուգալիայի Աստղաֆիզիկայի ինստիտուտում հետազոտությունները շարունակվելու են։
Շրջադարձ ենք սպասում նաև մեքենաշինության և տրանսպորտի ոլորտում
2018 թվականի հոկտեմբերին Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականների խումբն ուրանի նոր միացումներ կանխատեսեց, որոնք կարող են գերհաղորդիչ լինել։ Գերհաղորդականությունը նշանակում է, որ էլեկտրական հակազդումն ամբողջությամբ անհետանում է ջերմաստիճանի նվազման դեպքում և նյութից դուրս է մղում մագնիսական դաշտը։ Ավելի վաղ գերհաղորդականություն հայտնաբերվել էր միայն մի քանի հասարակ մետաղների մեջ, օրինակ` ալյումինի, սնդիկի, բացարձակ զրոյից ընդամենը մի քանի աստիճան բարձր ջերմաստիճանի դեպքում (-273 °C)։
Եվ ահա Սկոլտեխի և ՄՖՏԻ–ի պրոֆեսոր Արտյոմ Օհանովի ղեկավարած խումբը վարկած ներկայացրեց այն մասին, որ 50 հազար մթնոլորտային ճնշման դեպքում ուրանի 14 նոր հիդրիդ է առաջանում (մինչ օրս միայն մեկն էր հայտնի), այդ թվում նաև ջրածնով հարուստ, որոնց համար գիտնականները նույնպես գերհաղորդականություն են կանխատեսել։
Եթե հաջողվի գերհաղորդիչ նյութեր ստանալ, որոնք կարող են լաբորատորիայից դուրս գոյություն ունենալ, ապա դա մեքենաշինության մեջ, տրանսպորտի, հաշվիչ սարքավորումների ստեղծման ոլորտում հեղափոխության խթան կհանդիսանա։
Սուրճն ընդդեմ Պարկինսոնի հիվանդության
Բժիշկները ֆիզիկոսներից հետ չեն մնում։ Ամերիկայի Նյու Ջերսի նահանգի բժշկական դպրոցի հետազոտական խումբը` Մարալ Մուրադյանի ղեկավարությամբ, զբաղվում է մոլեկուլային մակարդակում սուրճի և նեյրոդեգեներացիայի միջև կապի ուսումնասիրմամբ։ Խումբը պարզել է, թե սուրճի մեջ պարունակվող կոնկրետ որ բաղադրիչների հաշվին է նվազում Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը և հեշտացնում դրա ընթացքը։ Կրծողների վրա իրականացրած փորձերի տվյալները ցույց են տվել, որ դա կոֆեինն է և էյկոզանիլ-5-հիդրոքսիտրիպտամիդը, իսկ սուրճի այդ բաղադրիչների կանոնավոր օգտագործումը թեթևացրել է փորձակենդանիների վիճակը։
Շիճուկ քաղցկեղի դեմ
Ահա ևս մեկը։ Հայաստանում գիտնականներն աշխատում են քաղցկեղի կանխարգելման և բուժման նոր մեթոդներ ստեղծելու ուղղությամբ, և կոնկրետ հաջողություններն ակներև են։ Օրինակ` կանոնավոր սքրինինգը օգնել է կրկնակի նվազեցնել արգանդի վզիկի քաղցկեղի մահացությունների թիվը։ Այժմ բժիշկներն աշխատում են այլ ցուցանիշները բարելավելու ուղղությամբ, իսկ գիտնականները քաղցկեղի բուժման և կանխարգելման նոր մեթոդներ են մշակում։
Գիտության վաստակավոր գործիչ, աշխարհի մի շարք բժշկական ակադեմիաների անդամ Լևոն Մկրտչյանը, որն ամբողջ կյանքը նվիրել է այդ մահացու հիվանդության ուսումնասիրմանը, վերջերս ստեղծել և պատենտավորել է մի շիճուկ, որը կարող է կանգնեցնել ուռուցքի զարգացումը. էմբրիոնալ հակաուռուցքային մոդուլյատոր։ Այն տարին մեկ անգամ ներարկում են ռիսկային խմբում գտնվող մարդկանց։
«Աշխարհում 300 հակաուռուցքային թերապևտիկ պատվաստանյութ կա, և ես նորմալ ֆետալային սպիտակուցների հիման վրա կանխարգելիչ հակաուռուցքային պատվաստանյութ եմ ստեղծել։ Այն որևէ քիմիական, որևէ հորմոնալ, կոնսերվացված նյութեր չի պարունակում։ Մաքուր բնական սուբստանցիա է», – իր ստեղծածի մասին ասում է Լևոն Մկրտչյանը։
Փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ շիճուկը բարձրացնում է իմունիտետը և մասամբ խանգարում չարորակ բջիջների առաջացմանը։ Վիրահատությունից հետո դեղամիջոցը դիմակայում է մետաստազներին։