Սկանդալ Anonymous–ից. Հայաստանում ապշել են «ռուսամետ փորձագետների» բրիտանական ցանկից

Anonymous միջազգային ցանցի հաքերները Բրիտանիայի պետական Integrity Initiative նախագծի արխիվից հրապարակել են «ռուսական քարոզչության» օգտին աշխատող հայ փորձագետների ցանկը։ Այդ տարօրինակ ցանկը տարակուսանք է առաջացրել Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Anonymous–ի հրապարակումները, որոնցում երևում է բրիտանացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, և հատկապես այսպես կոչված «ռուսամետ գործիչների» ցանկը, որը կազմել են բրիտանական կառավարության Integrity Initiative նախագծի շրջանակում, մի շարք հարցեր է ծնել։ Ընդ որում` ինչպես պրոֆեսիոնալիզմի առումով, այնպես էլ` շտապողականության։

Բրիտանական նախագծում առանձին ուշադրության է արժանացել նաև Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»։

Anonymous-ը՝ ՀՀ-ում բրիտանացիների աշխատանքի մասին. հաքերները նոր փաստաթղթեր են հրապարակել

Մասնավորապես, ֆայլերի շարքում կա նաև Արտաքին քաղաքականության հարցերով ամերիկյան խորհրդին առընթեր Կենտրոնական Ասիայի և Կովկասի վաշինգտոնյան ինստիտուտի փորձագետ Էդուարդ Աբրահամյանի և երկրի նախագահի խորհրդական Գևորգ Մելիքյանի (նշանակվել է մայիսի 10-ին)` մայիսի 3-ին հրապարակած համատեղ հոդվածի պատճենը։ «Մոսկվան մտավախություն ունի, որ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» կարող է թուլացնել իր ազդեցությունը Երևանի վրա» հոդվածը նվիրված է Հայաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերին։ Բացի այդ, կցված է նաև Աբրահամյանի անունով 265 ֆունտ վճարելու (ինվոյսի) մասին փաստաթղթի պատճենը (https://www.pdf-archive.com/2018/12/28/eduard-invoice1-1/eduard-invoice1-1.pdf)։ Մի մարդու անունով, որը որոշակի «լսարանին» տեղեկացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ առկա ընթացիկ վիճակի մասին։

Մեկ այլ փաստաթղթում հեղինակները պնդում են, որ Ինստիտուտ եկած Աբրահամյանը (Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին մանրամասն տեղեկություն հայտնելու համար) մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել Նիկոլ Փաշինյանի հետ։

Այնտեղ հավաքված է նաև թավշյա հեղափոխության մասին Twitter–յան գրառումների ընտրանին։ Հայտնում են, որ ի սկզբանե Կրեմլը զգուշորեն էր աջակցում հավանական իշխանափոխությանը, սակայն հետագայում «Կրեմլի քարոզչական գործակալությունները սկսեցին հող նախապատրաստել ոչ բարենպաստ արդյունքների համար»։

Ավելի ուշ ընտրված «հավաքածուում» շեշտը դրվում է «Կրեմլի ապատեղեկատվության մասին դիտարկումների» վրա։ Վերջում Greg Rowett–ը (Linkedin–ում հայտնում են, որ նա վերոնշյալ «Պետական կառավարման ինստիտուտում» տեղեկատվական պատերազմի մասնագետ է) գրում է, որ ռիսկեր կան` կապված հայերին բացահայտ աջակցելու հետ։

«Ձայնագրությունը մոնտաժված է, դա փաստ է». Վանեցյանը մեկնաբանեց սկանդալային գաղտնալսումը

«Կրեմլյան քարոզիչները կարող են ցանկացած աջակցություն կիրառել, նույնիսկ հայտարարություններ անել` ապացուցելու համար, որ հեղափոխությանն աջակցում են արևմտյան քայքայիչ ուժերը։ Այդպիսով, մենք պետք է չափազանց զգուշավոր և ուշադիր լինենք մեր գործողություններում», – գրում է Ռոուեթը։

Սա, նրա խոսքով, չի բացառում, որ «հայերին հետնաբեմում մեծ աջակցություն է ցուցաբերվել»։ Հեղինակն առաջարկում է աջակցել ռուսական «առցանց քարոզչական մարտավարություններին և ռազմավարություններին» հակազդելու հարցում։

Հետաքրքիր է, որ Պետական կառավարման ինստիտուտի կայքում նշվում է, որ սա պարզապես «ուղեղային կենտրոն» չէ, որը ևս մեկ դիսկուսիոն ֆորում է առաջարկում, այլ նախևառաջ «աշխատող կենտրոն», որն իրավիճակի վրա ազդող նախագծեր և ծրագրեր է տրամադրում։

«Ռուսաստանյան քարոզիչները Հայաստանում»

Առավել մեծ զարմանք է առաջացնում մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ներկայացված է Հայաստանի փորձագետների և վերլուծաբանների ցանկը։ Ցանկը կազմողները պնդում են, որ ցուցակում հայտնված անձինք «առաջ են տանում Ռուսաստանի շահերը, քարոզում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն ու մտադրությունները»։

Հետաքրքրական է, որ ցանկը համալրել են Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր–Մաթևոսյանը, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը, բլոգեր Տիգրան Քոչարյանը, Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը, ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանը և «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալության ղեկավար Արամ Անանյանը։

Անունների կողքին «քարոզչական գործունեության» (հաճախ փաստագրական սխալներով) կարճ նկարագրություններ կան։

Ցուցակում հայտնված ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ անկախ նրանից, թե ով է կատարել այդ «աշխատանքը», այն «անորակ և կեղտոտ» է արված։

«Իրականությանը չի համապատասխանում։ Իմ մասին ասվում է նաև, որ ես ինչ–որ մեկի ղեկավարության տակ եմ աշխատում։ Սակայն նման բան չի եղել և չկա», – ասաց Ոսկանյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի վերաբերյալ նրա դիրքորոշմանը, Ոսկանյանը նշեց` ակնհայտ է, որ Երևանը բոլոր ոլորտներում պետք է առավելագույնս սերտ համագործակցություն զարգացնի Մոսկվայի և Թեհրանի հետ։

«Գաղտնիք չէ։ Ես միշտ այդ դիրքորոշումն եմ արտահայտել, որ Մոսկվա–Երևան–Թեհրան առանցքը կարող է շատ արդյունավետ լինել։ Մենք այնտեղ կարող ենք ներգրավել նաև Վրաստանին` նոր քառակողմ կամ հնգակողմ (Թուրքմենստանի հետ) ձևաչափ ձևավորելով», – ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` անկախ նրանից, թե արդյոք որևէ մեկին դուր է գալիս կամ դուր չի գալիս իր դիրքորոշումը, մարդիկ պետք է հասկանան, որ հայ փորձագետների ճնշող մեծամասնությունը (մասնավորապես, վերոնշյալ ցանկից) աշխատում են` բացառապես հետևելով սեփական գաղափարներին և հաշվի առնելով Հայաստանի պետական և ազգային շահերը։

Հաքերներին հաջողվել է մուտք գործել ԱՄՆ պետդեպի աշխատակիցների անձնական տիրույթ

Նա նշեց, որ փորձագետները կշարունակեն իրենց աշխատանքը անկախ որևէ մեկի տված գնահատականներից` ելնելով պարտքի և ժողովրդի ու երկրի առաջ ունեցած սոցիալական պատասխանատվության զգացումից։

Ցուցակում ընդգրկված մյուս փորձագետը` Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր–Մաթևոսյանն այս թեմայի քննարկման ժամանակ Facebook–ում հեգնանքով գրել է, որ ցուցակը «փառահեղ է»։

«Մնում է սրա կազմողներին տարրական անգլերեն սովորեցնել, պլագիատի վնասակարության մասին 23 խրատ տալ, հետո profile-ներ գրելու մի քանիսի խորհուրդ տալ, հետո քաղաքական վերլուծություններ անելու տարրական կանոններ/սկզբունքներ հուշել ու հետո այդ ամենը լուրջ ընդունել», – գրել է Տեր–Մաթևոսյանը։

Նա «հնացած ու էժան տրյուկներ» է անվանել դա` նշելով, որ այնտեղ նշված իր իբր կենսագրության և հայտարարությունների մի մասը «ակնհայտ սուտ է»։

Նույն քննարկման մեջ բլոգեր Տիգրան Քոչարյանը գրել է, որ զգացվում է ցանկը կազմողների ոչ պրոֆեսիոնալ լինելը։ Իր մասին տեղեկությունները շուռ տված են։

«Այնպիսի տպավորություն է, որ կազմողները անձնական սուբյեկտիվ վերաբերմունք ունեն այն մարդկանց նկատմամբ, ում անունները նշված են ցանկում, քանի որ մի շարք մարդիկ այնտեղ չկան, և կան այնպիսի մարդիկ, ինչը զարմանք և նույնիսկ ժպիտ է առաջացնում, թե ինչպես են նրանք այնտեղ հայտնվել», – ասել է Քոչարյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ցանկում հայտնվածներից մեկը, թեև ցանկն ու տեղեկությունն «անհեթեթ» անվանեց, բայց հրաժարվեց պաշտոնական մեկնաբանություններ տալ։

Հայաստանի պետական կայքերն այս տարի մոտ 3 միլիոն հաքերային հարձակման են ենթարկվել

Նշենք, որ կայքում մեկ այլ ցանկ էլ կա` առանց վերնագրի ու ներածական խոսքի։ Որոշ անունների կողքին (ոչ բոլորի) տեղեկություն կա նաև «ռուսական շահերի» հետ կապված կապերի մասին։ Մյուսների կողքին միայն պաշտոններն են նշված։

Այս ցանկում ընդգրկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախկին պետ, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, Ջորջթաունի համալսարանի նախկին գիտաշխատող (այժմ` ԵՏՀ նախագահի օգնական) Սևակ Սարուխանյանը։

Նրանցից բացի, ցուցակում է հայտնվել նաև «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ի տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Հայաստանի նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը, քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը և Սերգեյ Մինասյանը (այժմ` Ռումինիայի դեսպան), ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Եվրասիական վերլուծությունների և հետազոտությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը։

Որոշ նկարագրություններ թույլ են տալիս ենթադրել, որ ընտրանին կազմված է եղել 2016 թվականի սկզբին, այն էլ` հապճեպ։