Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» նկատմամբ

Բողոքի ակցիաներ են ընթանում նաև Թուլուզում և Բորդոյում
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Ոստիկանությունը Փարիզում արցունքաբեր գազ է կիրառել «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Փարիզը վերածվել էր դժոխքի․ «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի սարսափելի կադրերը

Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ մանրամասնելով, որ ցուցարարների ու իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել:

Ցուցարարները հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ ու մտադիր էին շարժվել դեպի Ազգային ժողովի շենք:

Այսօր՝ հունվարի 5-ին Ֆրանսիայում վերսկսել են «դեղին բաճկոնների» բողոքի նոր ակցիաները. ցուցարարները կրկին փողոցներ են դուրս եկել՝ վերսկսելով երկրի նախագահ Էմանուել Մակրոնի տնտեսական քաղաքականության դեմ ուղղված բողոքի ալիքը: Ցուցարարները ակցիաներ են անում նաև մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բորդոյում և Թուլուզում:

Շարժման ղեկավարները կոչ են արել փողոցներ դուրս գալ առանց արդեն խորհրդանշական դարձած դեղին բաճկոնների, որպեսզի ավելի քիչ ուշադրություն գրավեն:

Փարիզի իշխանությունները հայտարարել են, որ, ի տարբերություն նախորդ շաբաթների, այսօրվա ցույցերի ընթացքում ջրցան և զրահապատ մեքենաներ չեն կիրառվի:

Հիշեցնենք, որ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել էին նոյեմբերի 17-ին: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին բաճկոններին», որոնց միացան նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից: