Մեծ մանկապարտեզ, թե փոքրիկների խորհրդարան. ո՞վ է ամենակրտսեր պատգամավորը

ԱԺ–ի շենքում ծնողների համար սենյակ չի կառուցվի. պատգամավորները երիտասարդ են, բայց չափահաս։ Ամենակրտսերը 25 տարեկան է։
Sputnik

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

«ԱԺ–ի շենքում սպասասրահ է կառուցվելու` իրենց պատգամավոր–երեխաներին նիստի բերած ծնողների համար»։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո այս հումորը համացանցում շատ արագ տարածում գտավ։ ՀՀ պատմության մեջ ամենաերիտասարդ խորհրդարանի շուրջ տեսակետները տարբեր են` ոմանք նորընտիր պատգամավորներին երիտասարդ ու անփորձ են համարում, ոմանք` երիտասարդ ու խոստումնալից։

20 թեկնածու հրաժարվել են պատգամավորական մանդատներից

7-րդ գումարման ԱԺ նախագահի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի անդամ Լենա Նազարյանը, ով իր ապագա գործընկերներից ավելի փորձառու է ու տարիքով ավագ, համոզված է` փորձը ձեռք է բերվում աշխատանքի ընթացքում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով փորձառության հարցին, Լենա Նազարյանը կարծիք հայտնեց, որ եթե իրենք առաջնորդվեին կառավարման փորձ ունեցողների ընտրությամբ, ապա ստիպված կլինեին խորհրդարան բերել ՀՀԿ–ականներին։

«Հայաստանում, բացի  Հանրապետական կուսակցությունից ոչ ոք պետական կառավարման փորձ չունի, որովհետև այս տարիների ընթացքում ուրիշ ոչ մեկին թույլ չի տրվել մասնակցել պետական կառավարմանը»,– ասաց Նազարյանը։

Երիտասարդ խորհրդարանականների թեման անկախ Հայաստանի առաջին խորհրդարանի պատգամավոր, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին հիշեցրել է իր ջահել օրերը։

«Ես ժամանակին` իբրև երեխա մտել եմ այդ խորհրդարանը և միշտ ասում եմ` իմ կենսագրության ամենահետաքրքիր էջերը եղել են այդ խորհրդարանական գործունեության տարիները»,– ասում է Ասատրյանը։

Նրա խոսքով` ամեն ժամանակաշրջան ասպարեզ է բերում իր սերունդը։ Այսօր քաղաքականություն է մտել լավ կրթություն ստացած ու ազատ սերունդը։ 

«Մեր մասին, որ խոսում էին, ասում էին գիտաշխատողների իշխանություն, բայց մեր գիտաշխատողությունը գալիս էր սովետական բազայից։ Իսկ այս երեխեքի զգալի մասը լավ կրթություն ունեն, աշխարհի լավագույն համալսարաններում սովորած, աշխարհ տեսած։ Ես համոզված եմ, որ այդ գիտելիքները կծառայեն իրենց նպատակին։ Ժամանակ է պետք։ Ամեն ինչ մի օրում չի լինում»,– ասում է Ասատրյանը` ընդգծելով`ամենակարևորը` այս մարդիկ ընտրված են։

132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն

4-րդ ու 5-րդ խորհրդարաններում աշխատած, ՀՅԴ անդամ, նախկին նախարար Արծվիկ Մինասյանն ավագ գործընկերոջ այս տեսակետը չի կիսում։ «Ընտրված» բառի նկատմամբ նախկին պատգամավորն այլ վերաբերմունք ունի։

«Մարդ կա, որին հասարակությունը նույնիսկ չի ճանաչում, բայց ստացել է լուրջ քվե։ Դա ոչ թե իր շնորհքն է, այլ փոփոխությունների և Նիկոլ Փաշինյանի, և սա կարող է վատ ազդել վերջնական արդյունքի վրա»,– կարծում է Մինասյանը։

Միաժամանակ, նախկին պատգամավորը չի հերքում` շատ է ուրախանում, երբ ասպարեզ են գալիս երիտասարդները, բայց պայմանով, որ նրանց կողքին աշխատեն փորձառու գործիչներ։

Այդպիսիք նոր ձևավորված խորհրդարանում շատ քիչ են, Արծվիկ Մինասյանի հաշվարկով` միայն 15 տոկոսը։

«15 տոկոսը ճանապարհ անցած մարդիկ են և իրենք կստեղծեն այդ հիմքերը, որպեսզի մնացած երիտասարդները կարողանան ճիշտ ճանապարհով գնալ»,– ասում է Մինասյանը` խոստովանելով, որ նոր խորհրդարանի գործունեության հետ իր հույսերն առայժմ միայն այս 15 տոկոսի հետ է կապում։

Նորընտիր խորհրդարանն իր առաջին նիստը կգումարի հունվարի 14-ին։ Արդեն հայտնի է, թե ովքեր են հրաժարվել մանդատներից ու ովքեր հայտնվել պատգամավորական աթոռներին։

Մինչ այդ, սակայն, նախընտրական ցուցակների համաձայն, 7-րդ գումարման ԱԺ ընտրվածներից ամենաերիտասարդը «Իմ քայլը» դաշինքի անդամ Սոնա Ղազարյանն է (1993թ.), Լուսավոր Հայաստանի ցուցակում ամենաերիտասարդը Անահիտ Կարապետյանն է (1992թ.), իսկ «Բարգավաճ Հայաստանում»` Նորա Առուստամյանը (1991թ.)։

Դե, իսկ տարիքով ամենաավագը, ինչպես և 6-րդ գումարման խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի կազմում խորհրդարան անցած Կնյազ Հասանովն է, ով և ավագության հիմքով, վարելու է նորընտիր երիտասարդ խորհրդարանի առաջին նիստը` մինչ դրա նոր նախագահի նշանակումը։