Ծաղկահովիտում 17-ամյա քաղաքացին դանակահարել է 2 երիտասարդի

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դանակահարողը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Հունվարի 1-ի գիշերը՝ ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ, որոնք հայտնել են, որ իրենց դանակահարել են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ծառայություն ու տոն` մեկ օրում. ոստիկանների զվարճալի Ամանորը

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 2018թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 2001 թ. ծնված Գ. Ն.-ն դանակով հարվածներ է հասցրել 1997 թ. ծնված Սևադա Ս.-ի և 1997 թ. ծնված Վարդան Գ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գ. Ն.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,, նախապատրաստվում են նյութեր: