Lexus-ը բախվել է բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել. ղեկին անչափահաս է եղել

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը, ինչպես նաև՝ թե երկու անչափահասներից ով է եղել վարորդը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Lexus մակնիշի 55 ՏՍ 525 համարանիշի ավտոմեքենան 4-րդ գյուղի 1-ին փողոցում, «Դերժավա» ընկերության հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել: Դեպքը տեղի է ունեցել երեկ ժամը 19:30-ի սահմաններում: Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ըստ նրա՝ վթարի հետևանքով 2 անչափահաս տղաներ մարմնական վնասվածքներ են ստացել: Դեպք վայր արագ հասած շտապօգնության բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տղաներին տեղափոխել են թիվ 3 մանկական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքից ժամանած ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը փաստի առթիվ  նյութեր է նախապատրաստում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը, ինչպես նաև՝ թե նրանցից ով է եղել վարորդը: