«Շնորհավոր, ախպերո». Ստեփան Մարյանյանը Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ դարձավ

Ստեփան Մարյանյանը Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի –Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Ստեփան Մարյանյանը Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչում է ստացել։ Այդ մասին նա գրել է Instagram–ի իր էջում։

«Ինձ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կրծքանշան և վկայագիր հանձնեցին։ Արդյունքի հասնելու միակ ճանապարհը տքնաջան աշխատանքն է», – լուսանկարին կից գրել է նա։

Նրա հաղթանակը ոգեշնչել է բաժանորդներին և երկրպագուներին։ Շատերը մեկնաբանությունների մեջ շնորհավորանքներն են գրել։

«Շնորհավորում եմ, ախպերո», «Սրտանց շնորհավորում եմ։ Այն դեպքը, երբ կոչումն արդարացնում է անվանումը»,  «Իսկ ֆուտբոլիստներին աշխարհի առաջնության 8-րդ տեղի համար էլ են տալիս», «Եթե միջազգայնագետի վկայագիրն այլևս քեզ պետք չէ, կարող ես ինձ փոխանցել», – գրել են նրանք։

Նշենք, որ  հոկտեմբերի 27-ին Ստեփան Մարյանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկի էր նվաճել։ Երեք տարի առաջ Մարյանյանն իր կյանքի առաջին խոշոր հաղթանակը գրանցեց Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերում։ Դրան հաջորդեց աշխարհի առաջնության անհաջողությունը (2015 թվական), և նա բաց թողեց Ռիոյի օլիմպիադան, անցած տարի էլ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացավ։