Տրամադրվել է բացառապես փաստական տեղեկատվություն. Քննչական կոմիտեն պատասխանում է ՀԿԵ–ին

Քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ ստուգման արդյունքների կամ ընթացքի մասին կոմիտեն որևէ հաղորդագրություն չի տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. ««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի առանձին պաշտոնատար անձինք իրենց իրավունք են վերապահում հանդես գալ ոչ կոռեկտ որակումներով և քննչական կոմիտեին մեղադրում չճշտված տեղեկություններ հրապարակելու մեջ»։

Այս մասին ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Կոմիտեից վստահեցնում են, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով տրամադրվել է տեղեկատվություն՝ բացառապես փաստական հանգամանքների վերաբերյալ՝ զերծ մնալով գնահատողական որևէ ձևակերպումից։

2018 թ.-ին պետական բյուջե է վճարվել 4 մլրդ դրամից ավելի գումար. ՀԿԵ–ի պատասխանը ՔԿ–ին

«Տվյալ պարագայում փաստն այն է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Փաստն այն է, որ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին է տրամադրվել կառավարության կողմից լիազորված մարմնի և աուդիոտարական ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում կատարված ֆինանսական և տեխնիկական աուդիտի արդյունքները, որոնց համաձայն արձանագրվել են ընկերության գործունեության հետ կապված ֆինանսական բնույթի մի շարք չարաշահումներ, այդ թվում տվյալներ՝ 428 միլիոն դրամի հավելագրումների վերաբերյալ։

Քննությամբ պարզվել է, որ երկաթուղու վարչության գործունեությունը համակարգել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալը և ներդրումային գործընթացում արձանագրված ֆինանսական բազմաթիվ չարաշահումները վերացնելու, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և այն ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննություն կտարվի նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։

Նոր գնացքը Հայաստան է գալիս. Wi-Fi, էկրաններ, վերելակներ

Փաստն այն է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներդրումների ընթացքում արձանագրված առերեւույթ չարաշահումների բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, այդ թվում՝ ներդրումային միջոցների օգտագործման արդյունավետությունը պարզելու, ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունը ստուգելու համար քննիչի որոշմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում նշանակվել է ստուգում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության մասնագետներին։ Ընդ որում՝ ստուգվում է 2008-2018 թթ կատարված շուրջ 110 մլրդ. ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունը և իրավաչափությունը: Կարծում ենք, օբյեկտիվ իրականության պարզաբանման հարցում շահագրգռված պետք է լինի նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն»,–ասված է հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ ստուգման արդյունքների կամ ընթացքի մասին կոմիտեն որևէ հաղորդագրություն չի տարածել, այլ միայն ստուգում նշանակելու դատավարական որոշման վերաբերյալ, հետևապես նախքան որևէ հայտարարություն անելը թերևս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավասու անձինք պետք է ուշադիր ծանոթանային տարածված հաղորդագրություններին։

«Եւս մեկ այլ փաստական հանգամանք էլ վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության «Սովետական» և «Եղվարդ» քարշային ենթակայաններում ուժային տրանսֆորմատորներից մետաղյա փաթույթների հափշտակության բացահայտմանը։ Այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հափշտակությունները կատարվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցների կողմից։

Ավելին՝ ըստ քննության տվյալների՝ մեկ դեպքով ընկերության իրավասու անձինք իմացել են իրենց ենթակա աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու մասին, նրանից պահանջել և ստացել են առևտրային կաշառք՝ հափշտակությունը քողարկելու, համապատասխան իրավական ընթացք չտալու համար: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հափշտակություն կատարած, կաշառք պահանջած և տված անձանց առաջադրվել են մեղադրանքներ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության կարգով նշվում է, որ ընդհանուր առմամբ հանրապետության քննչական մարմիններում հարուցվել է 4 քրեական գործ, որոնցից 2-ը՝ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության, 1-ական՝ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի եւ քննչական կոմիտեի կողմից՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում առերեւույթ արձանագրված չարաշահումների վերաբերյալ։