Աշոտ Կասպարով. անցավ Հայրենական պատերազմի միջով, որդիներին կորցրեց Արցախյան ազատամարտում

Զարմանալի է`որքան քաջարի հերոսներ է տվել լեռնային այս փոքրիկ երկիրը` Արցախը։ Բոլոր դարերում և ցանկացած իշխանության օրոք Արցախի հայերը տարբերվել են ռազմական գործում ունեցած անհավանական հմտությամբ. նրանցից մեկը ռազմական օդաչու, մայոր Աշոտ Կասպարովն է։
Sputnik

Աշոտ Կասպարովը ծնվել է 1909 թվականի դեկտեմբերի 29-ին Շուշիից քիչ հեռու գտնվող փոքր գյուղում։ Ամենայն հավանականությամբ, ռազմական կարիերայի նկատմամբ ունեցած հակումը նրա գեներում էր. մանուկ հասակում կոլխոզում աշխատելով, հմտանալով որմնադիրի մասնագիտության մեջ` 22-ամյա Աշոտը կամավոր բանակ է գնում, սկզբում ծառայում է հետևազորում, այնուհետև ուսանում Օրենբուրգի օդաչուական ուսումնարանում։

Փաշինյանը մասնակցել է Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Հայրենական մեծ պատերազմին դեռ մի քանի տարի կար,  երիտասարդ օդաչուն այդ ընթացքում Լենինգրադի մերձակայքում գտնվող ավիազորամասում փորձառու սպա էր դարձել։  Նա այնտեղ էր, երբ սկսվեց պատերազմը, գերմանական զորքի ամենահզոր և դաժան հարվածներից մեկը Կասպարովն իր վրա զգաց։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղավ ինքնաթիռի, ջոկատի, ապա էսկադրիլիայի շտուրման։

Թե ինչ էր Լենինգրադի շրջափակումը, որևէ մեկին բացատրել պետք չէ. ով գիտի, կհասկանա, իսկ ով չգիտի, նույնիսկ բացատրելն է անիմաստ։ Կասպարովը քաղաքը պաշտպանողներին զինամթերք էր հասցնում, դուրս բերում վիրավորներին և տարհանվողներին, Լադոգա լճով պարենամթերք էր հասցնում ատամներով կյանքից կառչող քաղաքին։  Նրա հետ էր աստված. նրա ինքնաթիռը ոչ մի անգամ նույնիսկ թեթևակի չվնասվեց։

Պետերբուրգի մերձակայքից նրան երբեմն այլ տեղեր էին ուղարկում, փառք աստծո ինքնաթիռով երկար ժամանակ չէր պահանջվում։ 1942 թվականի հուլիսին Կասպարովը Դնեպրով անցնող գերմանական զորքերից վրեժխնդիր եղավ. այրեց հնարավոր ամեն բան, իսկ նա քիչ բան չհասցրեց։ Ստորաբաժանումը կոչվում էր հեռահար գործողության 101 ավիագունդ, նրան մշտապես թշնամու թիկունք մեկնելու մարտական թռիչքներ իրականացնելու մասին հանձնարարականներ էին գալիս, սակայն այստեղ էլ շտուրման մայոր Կասպարովը հրաշքով ողջ մնաց իր մեքենայի հետ միասին։

Աշոտ Կասպարով. անցավ Հայրենական պատերազմի միջով, որդիներին կորցրեց Արցախյան ազատամարտում

1943 թվականի ամռանը «Կուտուզով» կոչվող ռազմավարական հարձակողական գործողությունները մեկ ամսից ավելի տևեցին։ Առաջադրանք էր դրված Օրյոլի մերձակայքում ջախջախել թշնամու խոշոր խմբավորումը։ Գործողությունները լեգենդար Կուրսկի ճակատամարտի մի մասն էին։ Օրյոլի ազատագրման և այդ հատվածում հակառակորդի չեզոքացման գործողություններով, փաստորեն, սկիզբ դրվեց խորհրդային զորքերի դեպի Արևմուտք հակահարձակմանը, որն այլևս հնարավոր չէր կանգնեցնել։

Առուշանյանը, որը, ի հեճուկս գերմանացիների, Բաղրամյանի հետ խոսել է հայերեն

Կասպարովը թշնամու հետ մարտնչում էր օդում և օդից։ Բացի այն, որ նա այստեղ ամբողջությամբ բացահայտվեց որպես բարձրակարգ օդամարտի վարպետ-շտուրման, նա իր մեջ ևս մեկ տաղանդ հայտնագործեց` լուսանկարիչ-թղթակցի։ Մարտական թռիչքների պահերին Կասպարովը ժամանակ էր գտնում լուսանկարելու։ Օրյոլի մերձակայքում հակառակորդի ցամաքային թիրախները խորհրդային ավիացիայի կողմից զանգվածային ռմբակոծության լուսանկարչական ռեպորտաժի համար Կասպարովը Կարմիր դրոշի շքանշան ստացավ։

Անլույս խավար էր, հակառակորդը կյանքի նշաններ ցույց չէր տալիս, սակայն հետախուզական տվյալները թույլ էին տալիս բավականին հստակ  որոշել ցամաքային թիրախների կուտակման վայրերը։ Ռումբերի առաջին իսկ շարանը հասավ թիրախին. այդ մասին էին վկայում վայրկենապես վառված լուսարձակներն ու զենիթային թնդանոթերի հաճախակի զարկերը։ Այդ լուսարձակների և զենիթային թնդանոթերի լույսի ներքո էլ հենց Կասպարովին հաջողվեց անել իր հայտնի լուսանկարները։

Այնուհետև պատերազմը Արևմուտք տեղափոխվեց, շտուրման Կասպարովը թռավ Ֆինլանդիայի, Լեհաստանի, և իհարկե, Գերմանիայի վրայով։ Բեռլինի գրոհի ժամանակ նրա ինքնաթիռը 16 մարտական թռիչք կատարեց, իսկ պատերազմի ամբողջ ընթացքում` 365։

Մարդկության պատմության ամենաարյունալի շրջափակումը. ինչպես է փրկվել Լենինգրադը. տեսանյութ

ԿասպարովըԲեռլինը ռմբակոծում էր արդեն լինելով Խորհրդային Միության հերոս`կոչումը նրան շնորհել էին 1944 թվականի նոյեմբերին, Գերագույն գլխավոր հրամանատարի մոտ հիսուն շնորհակալական նամակներից, հինգ շքանշանից և տասնյակ մեդալներից հետո։

«Արիության և հերոսության համար». այս երկու բառի հետևում այն 365 մարտական թռիչքներն են, որոնց ժամանակ Կասպարովի ռմբակոծիչ ինքնաթիռը թշնամու վրա մոտ 250 տոննա ռումբ է գցել...

... Պատերազմից հետո Աշոտ Կասպարովը Հադրութ վերադարձավ։ Աշխատեց տարբեր պաշտոններում և կյանքից հեռացավ մեկ այլ` Արցախյան պատերազմի թեժ պահին, որին նա չմասնակցեց տարիքի պատճառով։ Իսկ ահա Աշոտ Կասպարովի 4 որդիներից երկուսը` Նելսոնը և Ֆելիքսը, զոհվեցին այդ պատերազմում, դուստրը ևս մասնակցում էր մարտական գործողություններին։

Զարմանալի է`որքան քաջարի հերոս զինվորներ է տվել լեռնային այս փոքրիկ երկիրը` Արցախը։ Բոլոր դարերում և ցանկացած իշխանության օրոք Արցախի հայերը տարբերվել են ռազմական գործում ունեցած անհավանական հմտությամբ և մեկ անգամ ու ընդմիշտ տված երդմանն անսասան հավատարմությամբ։