Գեղամյանի խոսքով` 2018-ն առանձնահատուկ ոչնչով չառանձնացավ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների համատեքստում։
«Բայց ակնհայտ է, որ մի քանի ուղղությամբ աշխատելու հնարավորություն կա։ Եթե կա ցանկություն Հայաստանի արտաքին քաղաքական հայեցակարգը և դրանից բխող մոտեցումները տարածաշրջանում հայկական պրոակտիվ քաղաքականություն վարելու համար, ապա դրա կարևորագույն բաղադրիչներից մեկը լինելու է թուրքական կողմի հետ աշխատանքը»,– ասում է նա։
Ըստ թուրքագետի` դա իր հերթին ենթադրում է, որ հաշվի առնելով նախորդ տարիներին գրանցված տարատեսակ հարաբերություների փորձը` պետք է մշակել մոտեցումների և մեթոդների յուրատեսակ համակարգ։
«Միայն այդ աշխատանքի դեպքում հնարավոր կլինի խոսել այն մասին, որ ինչ–որ ապագայում կկարողանանք տեսնել այս հարցում զրոյական կետից որևիցե տեղաշարժ»,– նշում է նա։
Ցանկացած գործընթաց, հատկապես երկու երկրների միջև, ենթադրում է տարբեր դերակատարների ընդգրկվածություն և մասնակցություն։
«Այս պարագայում մենք տեսնում ենք, որ որևէ ձևաչափով այդ դերակատարները չկան, և ամենակարևորը` նրանց կողմից որևէ աշխատանք չի տարվում, ինչը բնականաբար հանգեցնում է նրան, որ հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա»,– ասում է նա։
Թուրքագետի խոսքով` Թուրքիայի հետ հարաբերությունները Հայաստանի համար անխուսափելի իրողություն է։ Այդ երկրում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն ուղիղ և անուղղակի կերպով ազդում է Հայաստանի վրա։