Սամվել Մայրապետյանն ազատ արձակվեց

Դատարանը Մայրապետյանին ազատ արձակեց 30 մլն դրամ գրավի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը։

Մայրապետյանի հեռուստաընկերությունը պատասխանել է Փաշինյանին. նրան ճիշտ չեն ներկայացրել

Գործարարի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով։ Գրավի չափ է սահմանել 30 մլն դրամը։

Ըստ տեղեկությունների` դատարանից դուրս գալուց հետո նա ուղևորվել է հիվանդանոց հետազոտվելու։

Հիշեցնենք՝ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը մերժել էր Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերին Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալու միջնորդության համար (ՀՀ ՔՕ 38-311 հոդված)։ Համարվում է, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից մեկն է։

Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության և «Տոյոտա Երևան» ընկերության սեփականատերն է, ինչպես նաև Երևանի կենտրոնում զբաղվում է էլիտար անշարժ գույքի շինարարությամբ։