Քաոս Երևանի փողոցներում. «կոռուպցիայի օրոք» կարգուկանոնին ավելի լա՞վ էին հետևում

«Ճանապարհային երթևեկություն» խորագրով խրախճանքը Երևանում շարունակվում է և ավարտվելու մտադրություն չունի։ Որքան շատ ժամանակ է անցնում, այդքան վարորդներն ավելի անխոհեմ եմ դառնում, սոցցանցերն ու ԶԼՄ–ները լցվում սարսափելի խախտումների տեսագրություններով և լուսանկարներով, որոնք ոչ ոքի չեն հետաքրքրում։
Sputnik

Ուղևորներ տեղափոխող ավտոբուսի վարորդը միակողմանի ճանապարհի վրա հանգիստ երթևեկում է ընթացող տրանսպորտային միջոցներին հակառակ ուղղությամբ։ Մեկ այլ ավտոբուս, Բաղրամյան պողոտայում, երրորդ երթևեկելի գոտուց կտրուկ թեքվում է դեպի կանգառ, երբ նրան հասնելուն 20 մետր է մնում։ Երրորդը...  թեև թվարկելը շատ ժամանակ կպահանջի, հետաքրքրվողները կարող են 15 րոպե կանգնել ու հետևել քաղաքի քիչ թե շատ բանուկ փողոցներում. չտեսնված բաներ կտեսնեք, այն էլ՝ ոչ միայն հասարակական տրանսպորտի վարորդների կատարմամբ ու մասնակցությամբ։

Երևանի քաղաքապետարանի ՕԳԳ–ն. ամեն ինչում մեղավոր են «նախկիններն» ու Ամանորի տոնածառը

«Ճանապարհային երթևեկություն» խորագրով խրախճանքը Երևանում շարունակվում է ու թվում է՝ հավերժ լինելու է։ Դեռ մոտ մեկ տարի առաջ իրավիճակը լավ էր.  գործում էին բոլոր տեսախցիկներն ու արագաչափերը,  տուգանքների վճարումը պարտադիր էր, և որևէ մեկի մտքով նույնիսկ չէր անցնի դրանք համաներել։ Բայց ...

Ընդ որում, ինչպես պարզվեց, համաներեցին չվճարողների տուգանքները, նրանց, ովքեր հետաձգում էին վճարման պահը կամ ընդհանրապես մտադիր էլ չէին վճարել։ Իսկ այն մարդիկ, ովքեր տուգանքները խելոք վճարում էին ճիշտ ժամանակին, հիմար վիճակում հայտնվեցին. եթե իրենք էլ պակաս գիտակից լինեին, ավելորդ ծախսերից կխուսափեին։

Այս ամենը ամենաթողության զգացողություն առաջացրեց. ակնհայտ է, որ այդ զգացողությունը շատերին է համակում։ Ճանապարհներին այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ նույնիսկ ամենաօրինապաշտ վարորդը կոնկրետ իրավիճակներում ստիպված է կոպտորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները. այլապես հնարավոր չի լինի լքել տարածքը, դուրս գալ խցանումից կամ խաչմերուկում ավտոմեքենաների քաոսային հրմշտոցից։

Երևանում ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի. սենսացիոն տեսանյութի հերոսը պատժվել է

Ճանապարհային ոստիկանությունը երևում է մեկ այստեղ, մեկ այնտեղ. փարոսիկները միացրած մեքենաներով աշխատակիցները զուր փորձում են կարգավորել անհույս խառնաշփոթը մայրաքաղաքի խաչմերուկներում. Ոստիկանությանն անգործության մեջ մեղադրել չի կարելի։ Սակայն նրանց գործողությունների արդյունքը չի երևում. իրավիճակը օրեցօր ավելի է վատթարանում, հատկապես նախատոնական շրջանում։

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը համաձայն չէ այն պնդման հետ, որ ճանապարհային ոստիկանությունը չի զբաղվում Երևանի երթևեկությամբ։

«Ճանապարհային ոստիկանությանը ոչինչ չի խանգարում։ Մենք ոչ ենք ասել կոռուպցիային։ Պարզապես քաղաքացիներն այնպիսի զգացողություն ունեն, որ ոստիկանությունը թուլացրել է իր զգոնությունը։ Դա այդպես չէ», – ասում է Օսիպյանը։

Ընդհանրապես քաղաքացիների մոտ զգացողություններն օդից չեն առաջանում։

Իսկ եթե Երևանում բաբելոնյան խառնաշփոթն առաջացել է, մասնավորապես, այն պատճառով, որ ոստիկանությունը ոչ է ասել կոռուպցիային, ապա ժամանակն է ոստիկանությանը խնդրել այդ կոռուպցիային կրկին «այո» ասել։

Կոռուպցիայի ժամանակ կարգուկանոնն ավելի շատ էին պահպանում, չմեղադրեք ինձ խոսքերիս համար...

Վերջին ժամանակների ՃՏՊ–ների վերաբերյալ որևէ հստակ ու կարգավորված վիճակագրություն ստանալ հնարավոր չէ. կա՛մ չեն հասցնում կազմել, կա՛մ էլ այն այնքան սարսափելի է, որ նույնիսկ հրապարակելն է ամոթալի։ Միևնույն ժամանակ շարունակվում է փոքր, սակայն հաղթական պատերազմը աջ ղեկով մեքենաների դեմ։

Երևանում ավտովթարի մեջ հայտնված և 2 մարդու կյանք խլած «Լեքսուսն» առևանգված էր.լուսանկարներ

Աստծուց վախեցեք. ինչ իմաստ ունի պայքարել դրա դեմ և ինչի համար արգելել, երբ նույնիսկ հայտնի չէ բազմաթիվ ՃՏՊ–ներում և երթևեկության կանոնների խախտման հարցում աջ ղեկով մեքենաների մեղքի տոկոսը։ Եվ ի՞նչ տարբերություն, թե Հայաստանում թղթի վրա ինչպիսի երթևեկություն է արձանագրված` աջակողմյան, թե՞ ձախակողմյան։ Դա թղթի վրա է, իսկ գործնականում մենք այսօր ունենք բազմակողմանի երթևեկություն. ով ինչպես ցանկանում, այնպես էլ երթևեկում է։

...Աշխատանքից հեռացված ավտոբուսի վարորդը, ինչպես ասում են, ձախ ձեռքի տակ ընկավ։ Եթե նա լինի միակը, ում պատժել են, դա անարդար կլինի, սակայն մյուս կողմից, եթե ոստիկանությունն այդ հարցում  հետևողականություն չցուցաբերի, քաղաքային տրանսպորտը վտանգված է կորցնելու անձնակազմի կեսը, եթե ոչ ավելին։

Մտածել, թե ինչպես կարելի է դուրս գալ այս ամենից, ըստ ամենայնի, ոչ ոք մտադիր չէ։