ԵԱՏՄ–ում ավիացիոն պատահարների քննության մարմին կստեղծվի

Փաստաթուղթն ուղարկվել է Սահմանադրական դատարան` Հայաստանի սահմանադրության հետ դրա դրույթների համապատասխանությունը պարզելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ շրջանակում Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո ստեղծելու մասին համաձայնագրի վավերացմանը։

Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում։

«Հավանություն տալ ստորագրված համաձայնագրին Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո ստեղծելու մասին», – ասվում է կառավարության որոշման մեջ։

Հայաստանն ու Ռուսաստանն ավիացիոն պատահարների հետաքննման մարմին կստեղծեն ԵԱՏՄ–ում

Փաստաթուղթն ուղարկվել է Սահմանադրական դատարան` Հայաստանի սահմանադրության հետ դրա դրույթների համապատասխանությունը պարզելու համար։

Ինչպես նշվում է կառավարության որոշման մեջ, դրական եզրակացության դեպքում համաձայնագիրը կներկայացվի խորհրդարան վավերացման համար։

Որոշման նախագծում, որը ներկայացրեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, նշվում է, որ համաձայնագրի վավերացումը թույլ կտա ապահովել միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944թ.–ի Չիկագոյի կոնվենցիայի համապատասխան դրույթների, Հայաստանի թռիչքների անվտանգության ապահովման պետական ծրագրի և ավիացիայի մասին օրենքի կատարումը, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջների իրագործումը։

ՌԴ կառավարությունն ավելի վաղ հավանություն էր տվել բյուրո ստեղծելու մասին համաձայնագրին։ Ենթադրվում է, որ ՌԴ դուրս կգա Միջպետական ավիացիոն կոմիտեի համաձայնագրից։

Ներկա պահին հետխորհրդային տարածքում աիվապատահարների քննությամբ զբաղվում է Միջպետական ավիացիոն կոմիտեն։

Նոր մարմնի շրջանակում ենթադրվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հետ պատահարների և միջադեպերի մասին տվյալների փոխանակում, քննության հանձնաժողովներին անհրաժեշտ սարքավորումով հագեցում, թռիչքների անվտանգության մասին երաշխիքների թողարկում, ինչպես տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործում` պատահարների և միջադեպերի քննության նպատակով։