Հայերեն ջազ ու հակագազ. Մարիամ Մերաբովան խոսել է Նոր տարվա ու ընտանիքի մասին

Հայտնի երգչուհին վստահ է, որ Ամանորի գիշերը պետք է անցկացնել ընտանիքի հետ, բայց տանն անպայման պետք է հյուրեր լինեն։
Sputnik

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Հայտնի երգչուհի, «Ձայնը» և «Երեք ակորդ» շոուների եզրափակիչ փուլ հասած Մարիամ Մերաբովան ծնվել է Երևանում (մայրն աշխատանքի բերումով էր Թբիլիսիից տեղափոխվել Երևան)։ Նա մեծացել է միաժամանակ երկու քաղաքում, այդ պատճառով էլ սովորույթ է ձևավորվել` Նոր տարին նշել Հայաստանում, իսկ Սուրբ ծնունդը` տատի տանը`Վրաստանում։

Կճուճ, սացիվի, տոլմա ու մանդարին

«Ես երջանիկ մանկություն եմ ունեցել, ապրել եմ Երևանի ու Թբիլիսիի միջև։ Երբ յոթ տարեկան էի, ընտանիքիս հետ Մոսկվա տեղափոխվեցինք, բայց ընտանեկան սովորույթները զուտ հայկական մնացին։ Մեր տանը միշտ բազում արվեստագետներ կային` նկարիչներ, երաժիշտներ, երգիչներ։ Անընդհատ երաժշտություն էր հնչում, ներկայացումներ էինք բեմադրում։ Միշտ տոնական տրամադրություն էր, իսկ Նոր տարին ասես դրա գագաթնակետը լիներ։ Դուռը չէր փակվում, մենք սպասում էինք բոլորին։ Խենթացնող բույրեր, հայկական, վրացական, ռուսական խոհանոցի ուտեստների պատրաստում։ Այնպիսի տպավորություն էր, որ աշխարհի կեսը մեզ հյուր էր գալու», – հիշում է Մարիամ Մերաբովան։

Հայերեն ջազ ու հակագազ. Մարիամ Մերաբովան խոսել է Նոր տարվա ու ընտանիքի մասին

Նա չի մոռանում տատին, որը երաժիշտ չէր, բայց շատ լավ էր նվագում ու երգում, ռոմանսներ, արիաներ ու օպերետներ էր սիրում։

Ամանորի հետ կապված հիշողություններում է մնացել նաև շուկայի պատկերը, որտեղից նրանք թարմ մթերք էին գնում։

Մարիամն Ամանորի սեղանի պարտադիր ուտեստներից ամենաշատը սիրում էր կճուճը, սացիվին, տոլման, տարատեսակ թխվածքներն ու մանդարինները։

Երևանում էլ, Մոսկվա տեղափոխվելուց հետո էլ Մարիամն Ամանորը միշտ դիմավորում էր տանը։ «Միայն մեկ անգամ ենք դրսում նշել ու զղջացել ենք։ Ոչ թե այն պատճառով, որ մեր գնացած տեղը վատն էր, այլ որովհետև դա ընտանեկան տոն է», – կարծում է երգչուհին։

Հայերեն ջազ ու հակագազ. Մարիամ Մերաբովան խոսել է Նոր տարվա ու ընտանիքի մասին

Ամանորի նվերների դեպքում էլ պատմությունը գրեթե միշտ նույնն է եղել. տոնածառի տակ նվեր դնելու արարողություն չի եղել, որովհետև ոչ ոք չի համբերել, որ Ամանորը գա։ Առանց կեսգիշերին սպասելու ուրախացրել են մտերիմներին։ Մարիամն ասում է, որ սովորաբար պրակտիկ նվերներ էին տալիս իրար` հագուստ, կոշիկ... Բայց մի նվեր կա, որը նա ամբողջ կյանքում չի մոռանա։

«Երևանում ընկերներ ունեի` Միշկան, Միտյան։ Նրանց մայրն ինձ նվեր էր ուղարկել։ Երբ հինգ տարեկան էի, նրանք Նոր տարուն ինձ իսկական հակագազ նվիրեցին։ Ու մենք տնով մեկ վազվզում ու վախեցնում էինք հյուրերին։ Դա իմ մանկության ամենահիշվող նվերն էր», – ծիծաղում է Մարիամը։

Թեև Մարիամենց տանը միշտ շատ են եղել արտիստները, բայց Ձմեռ պապը նրանց տուն չի եկել, հյուրերից ոչ ոք նույնիսկ չի էլ մտածել կերպարանափոխվելու մասին։

«Մենք ինքներս էինք գնում Ձմեռ պապի մոտ` Ռուսական դրամատիկական թատրոն, քանի որ այնտեղ էին տոնածառ դնում ու Ձմեռ պապին և Ձյունանուշիկին հանդիպում։ Ես հավատում էի Ձմեռ պապին ու անհամբեր սպասում նրա հետ հանդիպմանը», – ասում է երգչուհին։

Երեխաները զրուցարանով են հայերեն սովորում

Մոսկվա տեղափոխվելուց հետո Մարիամի ընտանիքում ավանդույթները չեն փոխվել, միայն թե Ամանորի սեղանին հայկական ու վրացական ուտեստներին գումարվել են ռուսականն ու եվրոպականը։

Հայերեն ջազ ու հակագազ. Մարիամ Մերաբովան խոսել է Նոր տարվա ու ընտանիքի մասին

«Բոլորը սպասում են, երբ են տոները մոտենալու, որ գան մեր տուն ու տոլվա, սացիվի, խաչապուրի ու մորս սարքած «Նապոլեոնն» ուտեն։ Ես էլ եմ շատ սիրում պատրաստել։ Ավելի լավ է` գիշերը չքնեմ, քան ամուսնուս ու երեխաներիս սովի մատնեմ», – ասում է երգչուհին։

Մարիամ ու Արմեն Մերաբովները երեք երեխա ունեն։ Ավագ դուստրը` Իռման, շուտով 23 տարեկան կդառնա, Սոֆյան` 11, կրտսերը` Գեորգին` հինգ։

Հայերեն ջազ ու հակագազ. Մարիամ Մերաբովան խոսել է Նոր տարվա ու ընտանիքի մասին

«Հայաստանն իմ հայրենիքն եմ համարում։ Բնականաբար, երեխաներին էլ է դա փոխանցվել։ Իրենք զգում են հայկական արմատները, ամենակարևորը` գիտեն ընտանիքի, իրենց նախնիների պատմությունը։ Իռման անցած ամառ առաջին անգամ Երևան եկավ և պարզապես սիրահարվեց քաղաքին ու երկրին։ Այդ ժամանակ Հայաստանում հեղափոխություն էր։ Մենք շատ էինք անհանգստանում։ Բայց գիտե՞ք` ես հավատում եմ մեր ժողովրդին, որովհետև ցեղասպանություն տեսած ազգը դժվար թե ինքնավերացման գնա։ Այն, ինչ եղավ Ուկրաինայում, մեզ մոտ երբեք չի լինի», – ասում է Մարիամը։

Երգչուհին միայն մի բանի համար է զղջում, որ տանը հայերեն չեն խոսում։ Արմենը Մոսկվայում է ծնվել, երբեք հայերեն չի էլ խոսել, իսկ ինքը` Մարիամը, քիչ–քիչ մոռանում է։ Հիշում է միայն, երբ Հայաստանում է հայտնվում։

Հայերեն ջազ ու հակագազ. Մարիամ Մերաբովան խոսել է Նոր տարվա ու ընտանիքի մասին

«Չգիտես ինչու մոսկովյան ու թբիլիսյան ընտանիքներում մեծերը հայերենը որպես ծածկագիր էին օգտագործում, որպեսզի երեխաները չհասկանան նրանց։ Հիմա մենք հարցնում ենք ծնողներին` ինչու՞ էիք այդպես անում, բայց դե արդեն ուշ է։ Այդ պատճառով էլ երեխաների համար գրքեր ու զրուցարաններ ենք գնել։ Նրանք հաճույքով սովորում են։ Մտածում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից դասընթացների տանել նրանց», – ասում է երգչուհին։

Հայերեն ջազը հիասքանչ է

Եկող տարում կլրանա «Միրայֆ» դուետի 20–ամյակը։ Մարիամն ամուսնու` Արմենի հետ է ստեղծել այն։ Նրանք հունվարի 24–ից սկսելու են նշել հոբելյանը Jazzport. Christmas Time համերգի ժամանակ։

Մարիամ Մերաբովա. Երևանը ջազի Մեքքան է

«Նաև ռուսերեն ենք երգելու։ Ես ու ամուսինս կարծում ենք, որ ջազը չպետք է սահմանափակված լինի լեզվով, դա պարզապես ծիծաղելի է։ Ջազը հավասարապես լավ կարող է հնչել ցանկացած լեզվով, կատարողը բարձրակարգ երաժիշտ է։ Իսկ դուք լսե՞լ եք` ինչ հիանալի է ջազը հնչում հայերենով։ Մենք հայերեն էլ ենք երգում», – վստահեցնում է Մարիամ Մերաբովան։

Մարիամի ընտանիքը որոշել է Ամանորին հանգստանալ

«Արտիստները մի փոքր այլ կյանքով են ապրում։ Ոչ այնպես, ինչպես իմ մանկության տարիներին, երբ մեր երևանյան տանը Նոր տարվա սեղանի շուրջ էին հավաքվում մեծաթիվ բարեկամներն ու ընկերները։ Որոշ ժամանակ առաջ մենք ամուսնուս հետ որոշեցինք Նոր տարուն չաշխատել, քանի որ երեխաներ ունենք, և նրանք էլ պետք է իմ հիշողությունների պես հիշողություններ ունենան։ Հակառակ դեպքում երեխաները կհիշեն միայն, որ մայրն ու հայրը չէին կարողանում եկամտաբեր օրը բաց թողնել ու Ամանորին գալիս էին միայն աշխատանքից հետո քնելու։ Ամենակարևորը ընտանիքն ու երեխաներն են։ Դրանց ավելի թանկ բան աշխարհում չկա», – վստահ է Մարիամ Մերաբովան։