Աշխատանքային օրենսգիրքը և սոցիալական խարտիան. իշխանություններին խնդիրներ են սպասում

Նախարարությունների քանակը կրճատելու որոշումն իրականացվում է անհիմն շտապողականությամբ և չմտածված, կարծում է Հայաստանի առաջին օմբուդսմենը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի իշխանությունները կարող են բախվել լուրջ իրավական խնդիրների հետ նախարարությունների քանակը կրճատելիս, Sputnik Արմենիային ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Արջի ծառայություն. ինչի՞ կհանգեցնի հասարակության «թավշյա» իրավաՉգիտակցությունը

Ալավերդյանի խոսքով` նա միշտ եղել է գիտական մոտեցման կողմնակից, առավել ևս, օպտիմալացման հարցում։ Հայաստանում դրա համար կան անհրաժեշտ մասնագետներ։

«Ինձ համար անհասկանալի է և առնվազն անընդունելի, որ նման նախաձեռնություններն անցկացվում են առանց լայն քննարկման։ Թեև ես հիշում եմ, որ նոր իշխանությունները խոստացել են, որ ցանկացած և հատկապես կտրուկ փոփոխությունները պետք է քննարկվեն ժողովրդի հետ», – ասաց Ալավերդյանը։

Չնայած նման մեկնարկին` նա կոչ է անում կառավարման ոլորտի մասնագետներին և փորձագետներին վերլուծել այդ առաջարկները, համեմատել միջազգային փորձի հետ։ Նա վստահ է, որ նախարարության նոր կառուցվածքը կվերանայվի` անկախ նրանից, թե ով կլինի իշխանության մեջ։

Նրա կարծիքով` կառավարության որոշումը մի կողմից պայմանավորված է փորձի պակասով, մյուս կողմից` գիտական մոտեցման բացակայությամբ։

«Երկրորդ, դրանք հասարակության կողմից այն սպասումներն են, որոնք իրենց հերթին հիմնված են իշխանությունների խոստումների վրա։ Այդ պատճառները հանգեցնում են բացարձակ անիմաստ շտապողականության», – նշեց Ալավերդյանը։

Կրճատված քաղծառայողները գործից կզրկվեն, փողից` ոչ. հստակ է` որ նախարարությունները կմիանան

Կարևոր կետը, որին ուշադրություն է հրավիրում Ալավերդյանը, այն է, որ եթե օպտիմալացումը ենթադրում է աշխատատեղերի կրճատում, ապա դա պարունակում է մեծ իրավական խնդիրներ։

Նրա խոսքով` ինչպես Հայաստանի աշխատանքային օրենսգիրքը, այնպես էլ նրա միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ Եվրոպական սոցիալական խարտիան, այդ առումով որոշակի պատասխանատվություն են դնում երկրի վրա։

Ալավերդյանը նշում է, որ մարդիկ կարող են պաշտպանել իրենց իրավունքները դատական կարգով։

«Սովորաբար նման օպտիմալացման ընթացքում միաժամանակ անցկացվում է մարդկանց վերապատրաստում կամ ստեղծվում են նոր աշխատատեղեր», – նշեց Ալավերդյանը։

Այսպիսով, ինչպես սոցիալական, այնպես էլ իրավական դաշտում կան խնդիրներ։ Նա հույս ունի, որ իշխանությունները կօգտվեն մասնագետների խորհուրդներից պետական կառավարման ոլորտում և կհրաժարվեն ավելորդ աճապարելուց։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում հրապարակել է կառավարության առաջարկած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում շտկումներ կատարելու նախագիծը, որի համաձայն նախարարությունների թիվը 17–ից կդառնա 12։