Զբոսաշրջիկների թիվն աճել է. ամենաշատը Հայաստանն ուզում են տեսնել ռուսաստանցիները

Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների թվով երկրորդ տեղում հարևան Վրաստանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության անցման կետերով Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 8,8 տոկոսով:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը։

Google-ում որոնեցի, եկա. Հայաստան են գալիս ոչ միայն խորովածի, այլև զգացողությունների համար

«Եթե 2017 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 172 հազար 402 այցելու, ապա 2018 թվականի նույն ժամանակահատվածում այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար 209: Զբոսաշրջիկներից 525 հազար 423-ը Հայաստան են այցելել Ռուսաստանի Դաշնությունից»,-ամփոփելով տարին` ասաց պատասխանատուն:

Եթե Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների թվով 1–ին տեղում Ռուսաստանն է, ապա երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղից Հայաստան է ժամանել 233 հազար 125 այցելու: Երրորդ տեղում Իրանն է` 132 հազար 839 այցելուով, չորրորդում` ԱՄՆ-ն` 46 հազար 138 այցելուով եւ հինգերորդ տեղում` Ուկրաինան է` 24 հազար 308 այցելուով:

Հռիփսիմե Գրիգորյանի հավաստմամբ` 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկիր զբոսաշրջիկների կտրուկ աճ ապահովել են Հնդկաստանը, Չինաստանն ու Ղազախստանը: