Արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը. Արարատ Միրզոյանի պատասխանը Մամեդյարովին

Արարատ Միրզոյանը Մամեդյարովին հիշեցրել է, որ Արցախի ժողովրդի ինքնակառավարումը բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովին խորհուրդ է տալիս իր առաջարկը ներկայացնել Արցախի ժողովրդին։

Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 25–ին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, խոսելով ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների մասին, ասել էր, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:

Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին ինքնակառավարման իրավունք տալ. Մամեդյարով

«Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել»,–ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք նաև, որ իր հայտարարության մեջ Մամեդյարովը նշել էր. «Մեր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին համապատասխան դա անել նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագում ունեցող քաղաքացիների նկատմամբ և նրանց բարձր մակարդակով ինքնակառավարման իրավունք տալ Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում» ։

Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության հարցում առաջխաղացումը «ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության պայմաններ ստեղծելով, առաջին հերթին տնտեսական աճի հնարավորություն կտա Հայաստանին»։