ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում մեկնաբանեց ցորեն, ինչպես նաև պղնձի հանքանյութ (Թեղուտի պղնձի հանքը ժամանակավորապես փակ լինելու պատճառով) տեղափոխելու հետ կապված իրավիճակը։ Հայաստանի համար ևս մեկ գերակա նախագիծը Սև ծովով լաստանավի նոր երթուղիներն են` որպես Վերին Լարսի այլընտրանք, որը ծանրաբեռնված է տրանսպորտով և ենթակա է ձնահոսքերի։
– Պարոն Վալկո, 2018թ–ի հունվար–նոյեմբեին ՀԿԵ–ն արձանագրել է ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների աճ։ Ընդլայնվե՞լ է արդյոք բեռների բազան, բեռների տեսակները, որոնք տեղափոխում է ՀԿԵ–ն։
-2018թ–ի առաջին 11 ամիսների տվյալներով գրանցվել է երկաթուղով բեռնափոխադրումների աճ 11 տոկսով կամ 264 հազար տոննայով 2017թ–ի նույն շրջանի համեմատ։ Արտահանման ոլորտում փոխադրումներն ավելացրել են 18,4 տոկոսով կամ ավելի քան 63,5 հազար տոննայով հիմնականում պղնձի կոնցենտրատի արտահանման ծավալների ավելացման հաշվին։
Ներհանրապետական փոխադրումներում անցած տարվա համեմատ մենք ունենք ծավալների աճ 22,5 տոկոսով կամ 288,9 հազար տոննայով արդյունաբերական հումքի նոմենկլատուրային խմբերը բարձելու հաշվին։ Մասնավորապես, արձանագրվել է կրաքարի և պեռլիտ, ինչպես նաև Սոտքի հանքաքարի փոխադրումների աճ։ Սակայն ներկրման ոլորտում առկա է անկում թե՛ մետաղական արտադրանքի, թե՛ այլ ապրանքների գծով։
– Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ ավտոտրանսպորտը երկաթուղուց «խլել» է հացահատիկի փոխադրումը։ Նախորդ տարիներին տեղի ունեցե՞լ է բեռնափոխադրումների ծանրաբեռնվածության նմանատիպ արտահոսք, և կարո՞ղ է արդյոք հիմա երկաթուղին առաջարկել ավելի մրցակցային պայմաններ։
– Երկաթուղու փոխարեն ավտոմոբիլային տրանսպորտով հացահատիկ տեղափոխելը սկսվել է 2013թ–ից։ Ընթացիկ տարում ՀԿԵ–ով տեղափոխվել է ընդամենը 36 հազար տոննա հացահատիկ։ Ինչպես գիտեք, այս տարի մեր վրացի գործընկերները հայտարարել են հացահատիկի ավտոտրանսպորտային փոխադրումներն արգելելու մտադրության մասին։
Երկաթուղով փոխադրումների մրցունակությունը բարձրացնելու համար մենք 50 տոկոս զեղչ ենք առաջարկել տնտեսվարող սուբյեկտներին` հացահատիկ տեղափոխելու համար։ Նման զեղչ է առաջարկել կիրառել նաև «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը։ Սակայն Թբիլիսիում այդ հարցի լուծումը տեղափոխել են 2019թ։ ՀԿԵ–ում պատրաստ են հացահատիկի փոխադրմանը և պատրաստ են ճկուն սակագնային քաղաքականություն անցկացնել այդ հարցում։
– Կա՞ արդյոք բեռների հոսքի կրճատման վտանգ Ալավերդու պղնձաձուլական գործարանի և Թեղուտի հանքի աշխատանքի դադարեցման պատճառով։
– Բնականաբար, այդ իրավիճակն անմիջականորեն կապված է բեռնափոխադրումների կրճատման հետ։ 2017թ–ին բեռնափոխադրումների ծավալը «Արմենիան քոփր Փրոգրամ» ընկերության համար կազմել է մոտ 28,5 հազար տոննա, 2018թ–ին նախատեսվել է 23 հազար տոննա ծավալ։ Բայց արտադրությունը դադարեցնելու և չզտված պղնձի ու կվարցի բեռների հոսքը կրճատելու արդյունքում փոխադրումների ծավալը կազմել է 15 հազար տոննա։ Այդ կորուստները ստիպված ենք լինում փոխհատուցել բեռների այլ տեսակների փոխադրումներն ավելացնելու հաշվին։
– Օգոստոսին ՊԵԿ-ն ընկերությունում «աղմկոտ» ստուգումներ անցկացրեց, բայց մինչև օրս իրավապահները ՀԿԵ–ին որևէ մեղադրանք չեն ներկայացրել, ենթադրենք, հարկերը չվճարելու կամ պետական միջոցները հափշտակելու համար։ Ընկերության ամենամյա աուդիտն անցկացնում է PWC հայտնի աուդիտորական ընկերությունը։ Բացի այդ, ՀԿԵ տնօրենների խորհրդի մեջ մտնում է ՀՀ տրանսպորտի, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարը։ Այդ փաստարկներն արդյո՞ք բավականաչափ համոզիչ չեն եղել քննության համար։
– Քանի դեռ ընթանում է քննություն, ես զերծ կմնամ այս հարցի շուրջ մեկնաբանություններից։ Սակայն ցանկանում եմ նշել, որ ընկերությունն իր կամ ներդրումային գործունեության մեջ երբեք չի օգտագործել պետական ոչ մի դրամ։
– Փոթիի և Կովկաս նավահանգստի միջև լաստանավային երթուղին փակելու սպառնալիք կա՞։ Որքա՞ն հաճախ է հիմա գնում լաստանավը և կարելի՞ է արդյոք ավելացնել փոխադրումների հաճախականությունը` հաշվի առնելով Վերին Լարսում ձնահոսքերի մշտական վտանգը։
– Փոթի–Կովկաս լաստնավային փոխադրումը շարունակում է գործել։ Եվ այստեղ անհրաժեշտ է պարզաբանել` ԶԼՄ–ներում տարածված կարծիքը, որ իբր ՀԿԵ–ն կամ ՌԵ–ն լաստանավի սեփականատերերն են, սխալ է։ ՀԿԵ–ն բազմիցս հայտարարել է փոխադրումներն իրականացնելու հարցում ծառայություններ տրամադրելու պատրաստակամության մասին` օգտագործելով այս ուղղությամբ լաստանավային երթևեկը։ Պահանջարկի առկայության դեպքում մենք պատրաստ ենք ապահովել բեռնափոխադրում։
Մենք սկզբունքային լուծումը տեսնում ենք մասնավոր և պետական սեկտորների գործընկերության մեջ, ինչի մասին հայտարարել ենք նախորդ տարիներին։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների հետ արդեն անցկացվել են խորհրդատվություններ։ Բոլոր կողմերի մոտ լուծման ընկալումը նույնն է։ Ցանկացած տնտեսական գործունեության հիմքում ընկած է տնտեսությունը։ Բայց Փոթի–Կովկաս ուղղությունը զուրկ չէ ռազմավարական կարևորությունից Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացիայի առումով։
Եվ եթե բաղադրիչը գտնվում է մասնավոր ընկերությունների ուշադրության կենտրոնում, ապա ռազմավարական նշանակությունը պետք է լինի պետության ուշադրության և ջանքերի կենտրոնում։ Կշարունակենք աշխատել այս ուղղությամբ։
Տեղեկանք. ՀԿԵ–ն «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը։