Նախարարությունը միայն Հայաստանին չի պատկանում, նաև` սփյուռքին. սփյուռքահայերը բողոքում են

Ակցիային մասնակից սփյուռքահայերը բողոքի երթով շարժվեցին կառավարություն, որտեղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակ հանձնեցին կառավարության ներկայացուցչին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Այսօր մի շարք սփյուռքահայեր բողոքի ակցիա են իրականացրել Սփյուռքի նախարարության դիմաց` դժգոհելով նախարարության հնարավոր լուծարման մասին կառավարության որոշման դեմ:

«Արդար չէ մեկ որոշումով Սփյուռքի նախարարությունը ոչնչացնելը։ Ոչնչացնելը միշտ հեշտ է, ոչնչացնում ենք, հետո պարզում է, որ սխալ ենք արել»,–լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը`Հրազդան Թոքմաջյանը։

Կրճատված քաղծառայողները գործից կզրկվեն, փողից` ոչ. հստակ է` որ նախարարությունները կմիանան

Թոքմաջյանի խոսքով՝ սփյուռքի շատ հաստատություններ կապը հայրենիքի հետ պահում են նախարարության միջոցով։

Բողոքին մասնակից իրաքահայ Վարանդ Պետրոսյանն էլ նշեց, որ իրաքահայության կյանքում Սփյուռքի նախարարության դերը մեծ է եղել, այն նպաստ է բերել համայնքներին:

«Հայաստանը աշխարհի բոլոր երկրների հետ չէ, որ ունի դիվանագիտական կապեր, հաստատություններ, իսկ Սփյուռքի նախարարությունն աշխարհի տարբեր հայկական կազմակերպությունների հետ կապեր ունի հաստատած, որոնք նպաստում են հայրենիքի հետ մշտական կապին»,–ասաց նա։

Վարանդ Պետրոսյանը հիշեցրեց, որ Սփյուռքի նախարարությունը մյուս բոլոր նախարարություններից տարբեր է, որովհետև այն միայն Հայաստանին չի պատկանում, նաև սփյուռքինն է։

Ակցիային մասնակից Հայաստանում հաստատված սիրիահայերը, իրաքահայերը և հայրենադարձները բողոքի երթով շարժվեցին կառավարություն, որտեղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակ հանձնեցին կառավարության ներկայացուցչին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի 17-ից 12-ի։

Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների ղեկավարները դեկտեմբերի 20-ին աշխատակազմի ժողովներում հայտարարել էին սպասվող կրճատումների մասին` նշելով, որ որոշ աշխատակիցներ 2019թ–ի հունվարի 1-ից կարող են աշխատանքի չգալ։ 

Դրա հետևանքով նախարարությունների մի քանի տասնյակ աշխատակիցներ գործադուլ էին հայտարարել ու բողոքի ակցիա կազմակերպել` ընդդեմ կառավարության այդ ծրագրի։