Ինչ է պետք անել, որ Ռուսաստանում հայ ֆուտբոլիստներին լեգիոներ չհամարեն

Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը փորձել է պարզել` ինչ է պետք անել, որպեսզի հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգիոներ չհամարվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. 2018 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի սպորտի նախարարությունը հայտարարեց, որ Բելառուսը ներկայացնող թիմային մարզաձևերի մարզիկները Ռուսաստանում այլևս լեգիոներ չեն համարվի:

ԵԱՏՄ երկրների միջև գոյություն ունեցող միջպետական համաձայնությունների մեջ անհասկանալի պատճառներով բելառուսներին հատուկ կարգավիճակ տրվեց, որը իրականում պետք է վերաբերվեր միության բոլոր անդամ–երկրներին:

Ի՞նչն է խանգարում Դավիթ Յուրչենկոյին հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում

Պարզ է, որ բելառուսները, այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լաուկաշենկոյի միջոցով, ով ի դեպ հոկեյի մոլի սիրահար է, շատ լուրջ արդյունքի հասան իրենց հոկեիստների ու ֆուտբոլիստների համար: Ստացվում է, որ հայազգի կամ հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստներին Ռուսաստանում լեգիոներ չհամարելու համար, բացի ԵԱՏՄ անդամ լինելուց, Հայաստանին հարկավոր է հատուկ պայմանագիր էլ ունենալ Ռուսաստանի հե՞տ:

Հասկանալի է, որ մենք հայ հոկեիստներ չունենք Ռուսաստանում, որոնք հավակնում են խաղալ հոկեյի Հայաստանի հավաքականում: Դե հոկեյում Ռուսաստանի ու Հայաստանի հավաքականների խաղամակարդակն էլ ահավոր տարբեր է, ու պարզ է, որ մենք այս մարզաձևում ինչ-որ հեռանկար, համենայն դեպս, հիմա չունենք: Բայց ֆուտբոլում լրիվ ուրիշ է:

Ռուսաստանում լեգիոներ չհամարվելու պատճառով արդեն մի քանի տարի է, ինչ մեր հավաքականի կազմում չի կարողանում հանդես գալ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն: Նույն պատճառով հետաձգվում է նաև Խորեն Բայրամյանի ելույթը մեր ընտրանու կազմում: Նման օրինակներ կարելի է էլի բերել: Բայց հարցը լուծում չի ստանում ու վերջ:

Հայտնի է` ով է Հայաստանի այս տարվա լավագույն ֆուտբոլիստը

Ռուսական sports.ru կայքի հայազգի լրագրող Արարատ Մամբերյանը նամակ է ուղարկել Հայաստանի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարություն` խնդրելով դիմել ՌԴ սպորտի նախարարություն` հայ ֆուտբոլիստներին լեգիոներ չհամարելու համար: Ընդ որում, լրագրողը արդարացիորեն նշում է, որ ՌԴ ֆուտբոլային միությունում մեզ, անկասկած, այս գործում կարող են օգնել Նիկիտա Սիմոնյանն ու Ալեքսանդր Միրզոյանը:

Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության մամլո քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանի հետ զրույցից պարզվեց, որ Արարատ Մամբերյանի նամակը նախարարությունը իրոք ստացել է: ՌԴ սպորտի նախարարությանը այդ հարցով դիմելու համար Հայաստանի համապատասխան կառույցը կանի ամեն ինչ, միայն թե նախ պետք է ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան այդ հարցով դիմի սպորտի նախարարությանը:

ՀՖՖ-ն  նույնպես աշխատում է հայ ֆուտբոլիստների կարգավիճակը հստակեցնելու համար: ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ՌԴ ֆուտբոլային միության հետ բանակցություններ են տարվում: Պարզապես ՌԴ ՖՄ նախագահ Վիտալի Մուտկոյի հեռանալուց հետո, պետք է իմանալ, թե ո՞վ է ընտրվելու նախագահ, որպեսզի մերոնք հասկանան, թե ու՞մ պետք է դիմել հարցի պարզաբանման համար:

Հուսանք, 2019 թվականին այս խնդիրը լուծում կստանա, և մերոնք ԵԱՏՄ  երկրներում կհամարվեն յուրայիններ, այլ ոչ թե լեգիոներներ: