ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու նիստն այսօր աննախադեպ երկար ու հազվադեպ թեժ է ընթանում։ Առավոտյան 11։00–ին մեկնարկած նիստն այս պահին դեռ ընթացքի մեջ է։
Հատկապես թեժ քննարկում ծավալվեց Երևանի տրանսպորտի խնդրի և հատկապես միջազգային խորհրդատվական WYG ընկերության ներկայացրած ուսումնասիրության շուրջ։
«Դուք անցած տարի եղել եք ավագանու անդամ, ստացել եք 55000 դրամ աշխատավարձ, բայց ոչինչ չեք արել, ըստ էության։ Ձեր հանձնաժողովն անգործության է մատնված եղել, որովհետև այն զեկույցը, որ այսօր բերել են մեզ, ես համարում եմ անբավարար»,– ի պատասխան Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցադրման, թե կատարված ուսումնասիրությունը դրվում է մի կողմ ու նոր ուսումնասիրություն անելու մասին է հայտարարվում, ասաց Հայկ Մարությանը։
Անդրադառնալով բրիտանական ընկերության հաշվետվությանը` Մարությանը նշեց, որ ներկայացվել է առանց հիմնավորումների ու գործնական տարբերակների փաստաթուղթ, որը նախկին ավագանին ու հատկապես տրանսպորտի հանձնաժողովն ընդունել են։
«Քուանշ, պարո՛ն քաղաքապետ, այդ 55 000–ի վրա։ Որևէ մեկին հանձնարարեք, պատրաստ եմ քննարկել, բանավիճել, թող որևէ կետում ասեն` այ, այս բանը, որ դուք չեք արել, լավ չի եղել։ Սա ձեր մեղադրանքի պատասխանն է»,– ասաց Խաժակյանը։
Մարությանն իր հերթին հայտարարեց, որ բրիտանական ընկերության ներկայացրած զեկույցն անհասկանալի մի փաստաթուղթ է, որի շուրջ քաղաքային նոր իշխանությունը բազմաթիվ հարցեր ու ճշգրտումներ է ուղղել հեղինակներին։
Ավագանու անդամը չանտեսեց աշխատավարձի մասին քաղաքապետի հիշեցումն ու իր հերթին հայտարարեց. «Կարծում եմ, որ ձեզ համար անցանկալի կլինի, եթե տարվա վերջին ես քաղաքի խնդիրները վերագրեմ ձեր ստացած աշխատավարձին։ Դա ի՞նչ ասելու բան է»,– ասաց Խաժակյանը։ Քաղաքապետն էլ պատասխանեց. «Ես ուղղակի ուզեցի հաշվել մեր պետության կորցրած գումարները»։
Հիշեցնենք` 2017թ–ի օգոստոսին միջազգային խորհրդատվական WYG ընկերությունը 850 000 ԱՄՆ դոլարով ուսումնասիրել էր 2014թ–ին հաստատված Երևանի տրանսպորտային ցանցն ու դրական եզրակացություն տվել։
Դեկտեմբերի 21-ին Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխության համար անհրաժեշտ է առնվազն 2 տարի։ Բացի այդ, նրա խոսքով, քաղաքապետարանը դարձյալ դիմել է տրանսպորտային ցանցի ուսումնասիրությունն իրականացրած միջազգային խորհրդատվական WYG ընկերությանը` լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար, քանի որ քաղաքապետարանում կասկածներ ունեն, որ ուսումնասիրության հիմքում դրված 2014թ–ի ուղևորահոսքի տվյալներն այսօրվա իրողություններին չեն համապատախանում։ Մարությանի խոսքով` այս նոր ուսումնասիրության տվյալները կստացվեն 2019թ–ի փետրվարին, որից հետո կներգրավվի միջազգային վարկանիշ ունեցող մեկ այլ ընկերություն` տեսական ծրագիրը գործնականի վերածելու համար։ Դրանից հետո միայն կհայտարարվեն շահագործողների մրցույթները։ Այս գործընթացը, Մարությանի հաշվարկով, կտևի առնվազն`2, առավելագույնը` 4 տարի։