Երևանում կրակոցներ արձակած երիտասարդին ձերբակալեցին. մանրամասներ

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Երևանում հնչած կրակոցների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ոստիկանները ձերբակալել են երեկ Երևանում կրակոցներ արձակած 32 տարեկան Վահրամ Մանվելյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Կրակոցներ Երևանում. տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 14-րդ փողոցի տներից մեկի վրա մի մարդ ինքնաձիգով կրակում է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.15-ին, նշված տան մոտ, 1986 թ. ծնված Վահրամ Մանվելյանն իրեն ամրակցված «MR 43» տիպի, 12 տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է նշված տան ուղղությամբ, հայհոյել:

1950 թ. ծնված Հենրիկ Ն.-ն դիտողություն է արել Վ. Մանվելյանին, նա էլ դիտավորությամբ նշված հրացանից կրակել է Հենրիկ Ն.-ի ոտքերին, որը ժամը 22.00-ին «զույգ ստորին վերջույթների բազմաբեկոր հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 21.45-ին Վահրամ Մանվելյանը դեպքի վայրից բերման է ենթարկվել, որի ընթացքում ոտքով հարվածել և դիտավորությամբ կոտրել է ՊՊԾ թիվ 29 պարեկային ավտոմեքենայի դռան ապակին:

Դեպքի վայրից հայտնաբերվել է 20 պարկուճ:

Հանցագործության գործիք հրացանն առգրավված է:

Վահրամ Մանվելյանը ձերբակալվել է:

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: