ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Նախորդ գումարման Ազգային ժողովի՝ Գյումրուց ընտրված պատգամավորների հետ իր աշխատանքը չի ստացվել:
Այս մասին լրագրողների հետ կայացած տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Նախորդների հետ ես չկարողացա աշխատել, չկարողացա, ուղղակի, որովհետև իրենք մեզ հետ չէին աշխատում: Հիմա տեսնենք՝ ովքեր կլինեն պատգամավոր, իրենց հետ կաշխատենք, որ Գյումրու խնդիրները բարձրացնեն»,- նշել է Սամվել Բալասանյանը:
Ի դեպ, 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին քաղաքապետի նախընտրած թեկնածուն իր ընկերն էր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Սամվել Բալասանյան ուրախությամբ է նշում այդ փաստը:
Գյումրու քաղաքապետը անդրադառնալով իր հրաժարականի մասին պարբերաբար շրջանառվող լուրերին փաստեց՝ արժանապատիվ մարդ է, հասարակության պահանջի դեպքում չի բացառի հրաժարականը, բայց այս պահին այդ պահանջը չկա:
«Հիմա մարդիկ շատ մեծ ախորժակ ունեն, որ իրենք քաղաքապետ լինեն, հիմա դնում, գրում են տարբեր կայքերով։ Վեց ամիս առաջ էր ինձ հարց տվեցին, ես հստակ ասացի՝ եթե կա քաղաքական պահանջ, էս պահին կգրեմ, դուրս կգամ, հենց էս պահին, ես աթոռից կառչած չեմ։ Ես արժանապատիվ մարդ եմ։ Ես շատ գործ ունեմ անելու: Այս պահին խնդիրն չեմ տեսնում, հարցը չեն բարձրացնում:
Այսօր «քաղաքապետացուներ» քաղաքում շատ կան, հիմի պետք չէ ուղղակի ուշադրություն դարձնել։ Նոր իշխանությունները ադեկվատ մարդիկ են, շատ լավ միասին աշխատում ենք։ Հենց հանրային պահանջ եղավ, որ ես պիտի գնամ, հենց առաջին պահանջի ժամանակ դիմումս կգրեմ ու կասեմ՝ շատ շնորհակալ եմ, շարունակեք ձեր աշխատանքը»,-նշեց Սամվել Բալասանյանը:
Գնահատելով 2018 թվականը Սամվել Բալասանյանը փաստում է՝ իր համար այն հեղափոխության, փողոցաշինության և քննադատության տարի էր: 2019 թվականը Սամվել Բալասանյանի համար սպասելիքներով լի տարի է ակնկալում՝ թոռնիկ է ունենալու: