Մաեստրո Չեքիջյանը տոնում է ծննդյան 90-ամյակը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik.  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ:

Տասնյոթերորդը. Հովհաննես Չեքիջյանը համալրեց ազգային հերոսների բանակը

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

«Մեծ է Ձեր վաստակը մեր երաժշտարվեստի և մանավանդ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Դուք վաղուց Ձեր ինքնատիպ ձեռագրով և անհատական նկարագրով նմանվում եք ժամանակակից հայ մշակույթը ներկայացնող և հանրահռչակող դեսպանի։ Ձեր անունը դարձել է հայրենադարձության և հայրենիքին անմնացորդ նվիրվելու խորհրդանիշներից մեկը»,-մասնավորապես ասված է վարչապետի պաշտոնակատարի ուղերձում։

Սրտանց շնորհավորելով մաեստրո Չեքիջյանին պատկառելի հոբելյանի՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ, Փաշինյանը հույս է հայտնել, որ նա իր անսպառ եռանդով կշարունակի աշխատել և մաղթել ամենայն բարիք։

Մաեստրոյին իր շնորհավորական ուղերձն է հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հովհաննես Չեքիջյանի տունը թալանած անձը գտնվեց. տեսանյութ

«Հայ երգը և երաժշտությունը, որպես հոգու և հոգևորի համահավաք արտահայտություն, Ձեր խմբավարական տաղանդի շնորհիվ դարձել են միջազգային այն այցեքարտը, որով հպարտությամբ կարող ենք ներկայանալ ու ներկայացնել մեր երկիրն ու ժողովրդին:

Դուք դիրիժորական ու երգչախմբային արվեստի ինքնատիպ մարմնավորումն եք, Հայաստանի պետական կամերային երգչախմբի կենդանի արտացոլանքը, մարդ, որի ստեղծագործական շարունակական որոնումներն ու անսպառ էներգիան մեր մշակութային հարատևության երաշխիքն են:

Ձեր կատարողական անհատականության անջնջելի կնիքով աշխարհով մեկ բարձր հնչում է հայկական երգչախմբային արվեստի անունը»,- ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում: