Որտե՞ղ կարող է բռնկվել 3-րդ աշխարհամարտը․ երեք թեժ կետերն ըստ National Interest-ի

Ամերիկյան զինվորականների կեսից ավելին համոզված է, որ համաշխարհային պատերազմը սարերի հետևում չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Հաջորդ տարի Հարավային Չինաստանը, Ուկրաինան, Պարսից ծոցը և Կորեայի թերակղզին կմնան ամենաթեժ շրջանների ցանկում, որտեղից կարող է սկիզբ առնել երրորդ համաշխարհային պատերազմը: Այս մասին ասվում է ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի պրոֆեսոր Ռոբերտ Ֆարլիի «National Interest»-ի հոդվածում։

«Կատաղած շնից» հետո ո՞վ կգլխավորի Պենտագոնը. Թրամփը խոսեց

Ֆարլիի խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի պայքարը ներկայում տեղի է ունենում տնտեսական պատժամիջոցների և սակագների վեճերի շրջանակներում, սակայն, քանի որ երկկողմ հարաբերությունները վատանում են, հակամարտությունը կարող է դուրս գալ եղած սահմաններից:

Ըստ Ֆարլիի, հաջորդ հնարավոր վայրը Ուկրաինան է, որտեղ կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը: Նա հիշեցրել է Կերչի շրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունը՝ նշելով, որ դա տարածաշրջանում լարվածության աճ է առաջացրել։

Ընդ որում՝ նա կարծում է, որ Ռուսաստանը հազիվ թե շահագրգռված լինի Ուկրաինայի նախագահական ընտրություններից առաջ «ստատուս քվոյի խախտմամբ»:

«Հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պահպանվող լարվածությունը՝ նույնիսկ փոքր ցնցումը կարող է խախտել փխրուն բալանսը, որը պահպանվում է վերջին մի քանի տարիներին, և Արևելյան Եվրոպան նետել քաոսի մեջ»,- նախազգուշացնում է Ֆարլին:

Երրորդ «թեժ» տարածաշրջանը Պարսից ծոցն է, որտեղ լարվածությունն աճում է Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման, Եմենի ու Սիրիայի հակամարտությունների պատճառով:

Ըստ նրա՝ չորրորդ օջախը նախկինի պես Կորեական թերակղզին է, չնայած Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի քայլերին:

Ֆարլին նշում է, որ «թեժ կետեր» կարող են առաջանալ նաև այլ պետություններում: Նրա կարծիքով՝ մոտ ապագայում, հավանաբար, ավելի վտանգավոր կլինի, քան ոչ վաղ անցյալում: