Արշակ Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք է տվել

Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը մարտի 1-ի գործով հարցաքննվել է։ Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ Քոչարյանը նրա տված ցուցմունքին համաձայն չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը` հրաժարվելով մեկնաբանել մամուլում առկա տեղեկություններն այն մասին, որ նա պաշտոն է ստացել Քոչարյանի դեմ ցուցմունք տալու դիմաց։

«Այո, կա այդպիսի բան, որ տվյալ անձը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ։ ՀՀ երկրորդ նախագահը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տված։ Դրա համար եղել է փորձ առերեսելու իրենց, որը ձախողվել է»,– ասաց փաստաբանը` չցանկանալով հայտնել առերեսման չկայանալու պատճառը։

Հարցին, թե Մանվել Գրիգորյանի գործն ու երեկ նրան ազատ արձակելը կարո՞ղ է կապված լինել նաև Մարտի 1-ի ու այդ օրերին ԵԿՄ–ի բռնած դիրքի հետ, Ալումյանը չցանկացավ պատասխանել` նշելով, որ չի կարող նման ենթադրություն անել, քանի որ Մանվել Գրիգորյանի գործից իրեն հայտնի դրվագները Քոչարյանի գործին չեն առնչվում։

Ինչպես վիճելի գեներալ Կարապետյանը սոցցանցերի հերոս դարձավ

Նշենք, որ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցով, և գանգատի հիմքում դրվելու են ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների ու վարչապետի պաշտոնակատարի հեռախոսազրույցների գաղտնալսումները։

«Իրենք Քոչարյանին կալանավորելու նպատակը համարում են այն, որ` փակենք, որ ցուցմունք տան, բայց հանրությանը ներկայացնում են այլ կերպ` ազատությունից զրկենք, որ չթաքնվեն քննությունից, որպեսզի չխոչընդոտեն քննությանը։ Բայց իրականում երևում է, թե իրենց նպատակը որն է»,– ասաց Ալումյանը` անդրադառնալով պաշտոնյաների հեռախոսազրույցում Քոչարյանի կալանքին վերաբերող հատվածներին։

«Այդպիսի հնարք գոյություն ունի, երբ անձանց կալանավորում են ու այդպիսի պայման են դնում` իրար դեմ ցուցմունք կտաք, կազատենք»,– ասաց փաստաբանը։

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 17-ին նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական։

Մինչ այդ նա Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդն էր։ Իսկ 2016թ–ի ապրիլյան պատերազմի օրերին` Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։

Կարապետյանն այդ պաշտոնից հեռացվել էր 2016 թվականի «ապրիլյան պատերազմից» գրեթե անմիջապես հետո։

Ինչ վերաբերում է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին, ԱԱԾ-ն 2018թ–ի հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, նրան պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Որտե՞ղ է հիմա Մանվել Գրիգորյանը. փաստաբանի պատասխանը

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Դատարանը երեք անգամ երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը:

Երեկ` դեկտեմբերի 21-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նրան ազատ արձակեցին 25 մլն դրամ գրավի դիմաց։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին: