Հայաստանում գրանցվել է H1N1 վարակի` այս տարվա առաջին դեպքը

Գրիպի և սուր շնչառական վարակների պիկը Հայաստանում սպասվում է հունվար–փետրվար ամիսներին ու գարնան սկզբին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում գրանցվել է սեզոնային գրիպի վարակի առաջին դեպքը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը:

«Դեկտեմբերին մենք ունենք արդեն գրանցված սեզոնային գրիպի` H1N1 վարակի մեկ դեպք, որն արդեն սեզոնային գրիպ է համարվում»,– ասաց նա։

Գրիպի վարակի մեկ դեպքից բացի, Հայաստանում սեզոնային, եղանակային գործոններով պայմանավորված ակտիվացել են նաև սուր շնչառական վարակները։

Փորձագետի խորհուրդները. ինչպես խուսափել գրիպից

Բայց Սահակյանի խոսքով` Հայաստանում վարակի ավելի մեծ տարածում է սպասվում հունվար–փետրվարին ու գարնան սկզբին։

«Հայաստանին բնորոշ է, որ վարակի երկրորդ ալիքը հիմնականում տեղի է ունենում ձմռան վերջին երկու ամիսներին ու գարնան սկզբին»,– ասաց նա` հավելելով, որ վիրուսների տարածման ու գոյատևման համար ամենանպաստավորը ցուրտ եղանակն է։

Սուր շնչառական հիվանդությունների և գրիպի վարակների կանխարգելման նպատակով դեկտեմբերի 17-ից Հայաստանում մեկնարկել են սեզոնային պատվաստումները։ Այսօրվա դրությամբ պատվաստվել է 54 129 մարդ:

Պատվաստվածներից 31 300-ը հատուկ խմբերի ներկայացուցիչներ են՝ փակ հաստատություններում գտնվողներ, զինծառայողներ:

Առողջապահության նախարարության տվյալներով` այս տարի Հայաստան է ներկրվել 90 000 դեղաչափ սեզոնային գրիպի պատվաստանյութ: