Որքա՞ն է թալանվել բանակից, քանի՞ քրեական գործ է հարուցվել. Վանեցյանը փակագծեր է բացում

Արթուր Վանեցյանը խոսել է 2018–ի ընթացքում ԱԱԾ–ի կատարած աշխատանքների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. «Շատ ոլորտներում կոռուպցիան ունեցել է բրգաձև կառուցվածք, իսկ դա նշանակում է, որ պետության անվտանգությունը եղել է վտանգված և խոցելի»:

Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակին և Անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ այս մասին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Իրավապահ համակարգից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ կոմպոնենտ. Փաշինյան

Նրա խոսքով` իրենք օրնիբուն աշխատել և աշխատում են՝ լուծելու համար նախկինում այլանդակ ձևերի և աննկարագրելի չափերի համակարգային  կաշառակերության, անպատժելիության, տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները հայտնաբերելուն ուղղված խնդիրները։

«2018 թվականի 11 ամսվա ընթացքում նորաստեղծ տեղեկատվական անվտանգության և կառավարման կապի գլխավոր վարչության մասնագետների ջանքերով խափանվել է պետական կայքերի վրա ավելի քան 3 մլն հաքերային հարձակման փորձ, ինչն աննախադեպ ցուցանիշ է»,–նշել է Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նաև տեղեկացրել է, որ 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները հանրապետության պետական սահմանի ապօրինի հատումների կանխման կրկնակի ավելի շատ միջոցառումներ են անցկացրել: Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև բանակում կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարին:

«Հարուցվել է մոտ 7 տասնյակ քրեական գործ, մեղավորները պատասխանատվության են ենթարկվել, իսկ պատճառված վնասը կարող է հասնել տասնյակ միլիարդ դրամի, ԱԱԾ վարույթում են զենքի ապօրինի շրջանառության քրեական գործեր, որոնցով ձերբակալվել և կալանավորվել է 130 մարդ, որոնց թվում կան բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ։ Գործերով առգրավվել է ավելի քան 100 միավոր զենք և տասնյակ հազարի հասնող փամփուշտ»,–ասաց ԱԱԾ տնօերնը:

Նրա խոսքով` անթույլատրելի է բանակից գողանալը, և ԱԱԾ-ն ամբողջ ուժով կպայքարի դրա դեմ։