Մետաղադրամով խաղային ավտոմատները պետք է համապատասխանեն օրենքի պահանջներին. ՊԵԿ

Այն ավտոմատները, որոնցում շահումը տրվում է ոչ թե խաղալիքների, այլ մետաղադրամների տեսքով, հանդիսանում են շահումով խաղեր, որոնց լիցենզիայի բացակայությունը հանգեցնում է տուգանքների` պետական տուրքի տասնապատիկի չափով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի («Хватайка») կազմակերպման գործունեություն է համարվում միայն այն ավտոմատների տեղադրումն ու շահագործումը, որոնցում շահումները բացառապես խաղալիքներ են:

Իսկ այստեղ կոռուպցիա չկա՞. խաղամոլներին կարող են դատարանով արգելել խաղալ

Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական պարզաբանման համաձայն` ավտոմեքենաների լցակայաններում, զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում առկա մետաղադրամով շահագործվող ավտոմատների մեջ հանդիպող տարբեր տիպի լիցքավորման լարերը կամ սարքերը, հեռախոսները, կրակայրիչները, ծխախոտը և այլ իրերը խաղալիք չեն համարվում, իսկ դրանց օգտագործումը չի համապատասխանում արտոնագրային վճարով հարկվող ավտոմատների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջներին:

Այն ավտոմատները, որոնցում շահումը տրվում է ոչ թե խաղալիքների, այլ մետաղադրամների տեսքով, հանդիսանում են շահումով խաղեր:

Ի՞նչ կարելի է անել, որ չգողանան. ինչո՞ւ են հայ կոռուպցիոներները սիրում հանգստանալ ծովափում

Շահումով խաղերի կազմակերպումը լիցենզավորվող գործունեություն է, որն առանց լիցենզիայի իրականացնելը հանգեցնում է տուգանքների` պետական տուրքի տասնապատիկի չափով, այսինքն` Ծաղկաձորում` 1.5 մլրդ դրամ, Սևանում` 1.2 մլրդ դրամ, Ջերմուկում` 800 մլն դրամ, Մեղրիում` 300 մլն դրամ, իսկ այլ վայրերում` 45 մլրդ դրամ: Բացի այդ գանձվում է լիցենզիան ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափով վնասի հատուցում:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը մետաղադրամով շահագործվող խաղային ավտոմատներով խաղեր կազմակերպողներին նախազգուշացնում է, որ սեղմ ժամկետում խաղային ավտոմատները համապատասխանեցնեն օրենքի պայմաններին, իսկ դրանց չհամապատասխանող և շահումով խաղ հանդիսացող ավտոմատների շահագործումը դադարեցնեն` տուգանքներից և տույժերից զերծ մնալու նպատակով: