ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել. ԱԳՆ

Քանի դեռ որոշում չի ընդունվել, ԱԳՆ–ն չի կարող գնահատական տալ ինչ–որ թեկնածության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը լուծված չէ, հինգշաբթի ավանդական ճեպազրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Խաչատուրովի կազուսը. ինչո՞ւ է Մինսկը համառում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում

«ՀԱՊԿ շրջանակում մեր բոլոր գործողություններն ուղղված են կառույցի արդյունավետության բարձրացմանը։ Ինչ վերաբերում է գլխավոր քարտուղարի հարցին, ապա պետք է արձանագրել, որ դրա վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել», – ասաց նա։

Հարցին, թե ինչպես է հայկական կողմը վերաբերվում Ստանիսլավ Զասին (Մինսկի թեկնածությանը), Նաղդալյանն ասաց` քանի որ դեռ որոշում չի ընդունվել, ԱԳՆ–ն չի կարող գնահատական տալ ինչ–որ թեկնածության։

Մեկնաբանելով Ստանիսլավ Զասի հանդիպումները ՀԱՊԿ երկրների ղեկավարության հետ` Նաղդալյանը նշեց, որ տվյալ պահին նախատեսված չէ նրա այցը Հայաստան։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո։Հայրենիքում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ։