Երկրորդ քաղաքն առաջ ընկավ. Գյումրիում վառեցին տոնածառի լույսերը

Գյումրիում տոնածառի տեղադրման, ապամոնտաժման աշխատանքների, լույսերի տեղադրման, հրավառության կազմակերպման, նաև զարդարանքներին թարմ շունչ հաղորդելու համար համայնքի բյուջեից հատկացվել է 3 միլիոն ՀՀ դրամ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Վերջին տարիներին սովորույթ է դարձել՝  Գյումրին Երևանից շուտ է վառում գլխավոր տոնածառի լույսերը՝  ազդարարելով տոնական միջոցառումների մեկնարկը: Այս տարի էլ առաջ  ընկնելով` դեկտեմբերի  20-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գյումրեցի փոքրիկների հետ վառեց Վարդանանց հրապարակի տոնածառի լույսերը:

Հրապարակի տոնածառն ու նոր Հայաստանի Ամանորը. Sputnik–ի հյուրը Հովհաննես Պետրոսյանն է

Ի տարբերություն մայրաքաղաքի, այստեղ տոնածառի հարցում «պահպանողական» են։ Այս տարի ամեն ինչ գրեթե նույնն է։ Աննշան փոփոխության կա, բայց դա չի խանգարում գյումրեցիներին պարծենալ. «Գյումրու 3 միլիոնանոց տոնածառը շատ սիրուն է, մեր վերմակին հարմար, ոչ թե 71 մլն»: 

Ի դեպ, այս տարի ևս  գլխավոր տոնածառն ապահովության համար կապված է երեք փոքր տոնածառով: «Գյումրիում 3 մլն-ով 3 տոնածառ է դրվել, Երևանում 71 մլն–ով՝  միայն մեկը»,-Sputnik Արմենիայի թղթակից հետ կատակեցին գյումրեցիները:

Հավելենք` Գյումրու քաղաքապետը հաջորդ տարվա համար ևս գյումրեցիներին համբերություն է մաղթում, որովհետև ավելի շատ փողոց է քանդվելու: «2019 թվականին շատ գործ ունենք անելու։ Զգուշացնում ենք քաղաքի բնակիչներին՝ անհարմարություններ ենք ստեղծելու, եթե 2018 թվականին 12 փողոց քանդեցինք, հաջորդ տարի քանդելու ենք 33–ը, բայց դրանք կառուցվելու են: Բացի  դրանից, ավելանալու է նաև լուսավորությունը, կփորձենք ավելացնել նաև տրանսպորտային միջոցների քանակը, փորձում ենք նաև լավացնել աղբահանությունը։ Քաղաքը պետք է դարձնենք տուրիստական այն քաղաքը, որը բոլորս  ուզում ենք»,-իր  խոսքում նշեց քաղաքապետը` չմոռանալով նաև շնորհավորել ողջ հայ ազգին Ամանորի կապակցությամբ:

Երկրորդ քաղաքն առաջ ընկավ. Գյումրիում վառեցին տոնածառի լույսերը

Այս տարի տոնածառի տեղադրման, ապամոնտաժման աշխատանքների, լույսերի տեղադրման, հրավառության կազմակերպման, նաև զարդարանքներին թարմ շունչ հաղորդելու համար համայնքի բյուջեից հատկացվել է 3 միլիոն ՀՀ դրամ: