ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. «Ժամանակակից աշխարհի մարտահրավերները բարդ են և բազմազան։ Դրանք ենթադրում են աշխատանքի անընդհատ և դինամիկ կատարելագործում։ Հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության դեմ պայքարը, հասարակական կարգի պահպանությունը, մեր սահմանների վերահսկումն աշխատանքի հսկայական ճակատ են, որ դուք պահել ու պահում եք պատվով»։
Այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ։
«Հայաստանում այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները փոխել են ողջ հասարակության կյանքը։ Մենք ազգովի վերաիմաստավորում ենք մեր անցած ճանապարհը և ուղենշում ապագան։ Այս համատեքստում Ազգային անվտանգության ծառայությունն ստանձնել է առանձնահատուկ դերակատարություն հատկապես օրինականության պահպանման և կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք կասկած չունենք, որ կոռուպցիայի առկայությունը և հատկապես դրա տարածումը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է։ Այն լրջագույն մարտահրավեր է մեր երկրի և ժողովրդի համար։
Այսօր մենք կառուցում ենք որակապես նոր պետություն, նոր հասարակություն։ Նոր Հայաստանում պիտի բացառվեն կոռուպցիան և կաշառակերությունը, հանցագործություն կատարած անձանց անպատժելիությունը, պաշտոնական դիրքի չարաշահումները և ընդհանրապես այն ամենը, ինչ խեղաթյուրում է ժողովրդավարության բուն էությունը»,–ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ սահմանադրական կարգի պահպանություն նշանակում է առաջին հերթին պաշտպանել ժողովրդի իշխանությունը հնարավոր բոլոր ոտնձգություններից։ «Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը։ Իշխանության որևէ այլ աղբյուր բացի Հայաստանի քաղաքացիներից չկա և չի կարող լինել։ Հիշե՛ք, կոռուպցիան պարզապես փող ուտելը չէ։ Համակարգային կոռուպցիան ամենաուղղակի կերպով կապված է իշխանությունը ժողովրդից խլելու և ապօրինաբար պահելու գործընթացների հետ։ Մենք ձեզ հետ միասին և մեր ողջ հասարակության հետ դա թույլ չենք տալու»,–նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրից և ընդհանրապես իրավապահ համակարգից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ կոմպոնենտ: «Պետական մարմինները, անվտանգության մարմինները, իրավապահ մարմինները չպիտի լինեն, ի բնե չպիտի հնարավորություն ունենան դառնալու հաշվեհարդարի գործիք գործող իշխանությունների ձեռքին: Եվ ազգային անվտանգության ծառայության, ընդհանրապես իրավապահ մարմինների յուրաքանչյուր աշխատող պետք է համոզված լինի, որ իր գործողությունները բխում են օրենքից, համապատասխանում են օրենքին, ծառայում են ՀՀ Սահմանադրությանը, օրենքի, մեր երկրի, պետության և ժողովրդի շահերին»,–ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել ԱԱԾ աշխատակիցներին այն ծառայությունների համար, որոնց շահառուն և նպատակը եղել է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: