Ովքե՞ր են կողոպտել Հայաստան եկած նորվեգացի զբոսաշրջիկին. տեսանյութ

Տղամարդիկ քաշքշել են զբոսաշրջիկին, հարվածել նրան ու հափշտակել պայուսակը, որում եղել են քարտեր, հեռախոս և գումար։
Sputnik

Դեկտեմբերի լույս 17-ի գիշերը՝ 0 ժամ 30-ի սահմաններում, Նորվեգիայի Թագավորության քաղաքացի 42-ամյա մի տղամարդ, որը մեր երկիր է այցելել որպես զբոսաշրջիկ, ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում հանցագործության մասին հաղորդում է տվել։ Ըստ հաղորդման՝ ոստիկանություն դիմելուց հինգ ժամ առաջ Տաշիր-Գոգավան ճանապարհի 4-րդ կիլոմետրին երեք տղամարդ քաշքշել են նրան, ոտքերով հարվածել որովայնին ու հափշտակել սպորտային պայուսակը։

Պայուսակում եղել են անձնագիրը, բանկային քարտեր, բջջային հեռախոս, այլ իրեր և 750.000 դրամ։

Հարուցվեց քրեական գործ կողոպուտի և փաստաթղթեր հափշտակելու կամ վնասելու հատկանիշներով։ Ձեռնարկվեցին ծավալուն հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, օտարերկրացուն կողոպտած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ժամեր տևած հետախուզական միջոցառումները արդյունք տվեցին։

Դեպքի վայրից մի քանի հարյուր մետր այն կողմ՝ Տաշիր գետում, հայտնաբերվեց հափշտակված պայուսակը։ Պայուսակում եղած իրերի մի մասն էլ հայտնաբերվեց դեպքի վայրից գետ տանող ճանապարհի տարբեր հատվածներում։

Տաշիրի քրեական հետախույզները շուտով հայտնաբերեցին նաև հենց Տաշիրի բնակիչներ, 23-ամյա Երվանդ Գրեյանին, 27-ամյա Աշոտ Սինասյանին, Լոռու Լեռնահովիտ գյուղում ապրող, 27-ամյա Սարկիս Սարկիսյանին։ Երիտասարդները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին բաժին, ապա ներկայացվեցին տարածքային նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Նրանք ձերբակալվեցին։

Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին հափշտակված գումարը, որը թաքցված էր Սարկիս Սարկիսյանենց ավտոտնակում։

Արձանագրենք, որ հայ իրավապահների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ժամերի ընթացքում հանցագործությունը բացահայտվեց, հայտնաբերվեցին նաև նորվեգացի զբոսաշրջիկի իրերը։