ԵՐԵՎԱՆ, 19 Դեկտեմբեր — Sputnik. «Իմ քայլը» դաշինքը ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Այս մասին լրագրողներին ասաց դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը:
«Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի քննարկումը, որին մասնակցում էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավարտվեց րոպեներ առաջ:
Հիշեցնենք, որ մինչ քննարկման մեկնարկը լրագրողների հետ զրույցում դաշինքի ներկայացուցիչ Լենա Նազարյանը տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու են Միրզոյանի, փոխնախագահների պաշտոններում իր և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները:
Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը կգլխավորի Լիլիթ Մակունցը:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ խմբակցությունը մոտ 90 տոկոսով արդեն կարելի է համարել ձևավորված:
Դաշինքի հրավիրած քննարկմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ, նախարարի պաշտոնակատարներ, նաև այն անձինք, որոնք պատգամավոր են դառնալու, ինչպես նաև պատգամավորի նախկին թեկնածուները: