Շարմազանովը Փաշինյանից պահանջում է պատասխանել Ալիևի հայտարարություններին

Էդուարդ Շարմազանովն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի հայտարարությունների ու Հայաստանի լռության վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Երկու օր է, ինչ Ադրբեջանից հնչում են Արցախի մասին հայտարարություններ, որոնք մտահոգիչ են, իսկ կրկնակի մտահոգիչ է, որ Հայաստանի նոր իշխանությունը, դրանց պատասխանելու փոխարեն, լռում է: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Սանկտ Պետերբուրգում. ի՞նչ են քննարկել նրանք

«Մինչ Փաշինյանն Ալիևին համարում է կիրթ և նորմալ անձնավորություն և խոսում խաղաղ կարգավորումից, Ալիևը չի հրաժարվում խնդրի ուժային լուծումից, Ադրբեջանի բանակը համարում է ԼՂ խնդրի լուծման հիմնական գարանտը, նշում, որ ցանկացած խնդիր կարող է լուծել, պարծենում իր սպառազինությամբ` փաստացի չբացառելով սպառազինությունների մրցավազքը» ,– ասում է Շարմազանովը։

Նույն հայտարարության մեջ նա նաև հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահը հայտնել էր, որ 2018թ.-ին հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում, ինչ-որ նախիջևանյան օպերացիայի հետևանքով, ադրբեջանական զինուժի ամբողջական վերահսկողության տակ անցել է շուրջ 11 000 հա հող։ Բացի այդ, հայտարարել է նաև, որ Ադրբեջանի զինուժը գրավել է մի շարք ստրատեգիական բարձունքներ։

«Ալիևը 2 օր խոսում է, մեր իշխանությունը որևէ պատասխան չի տալիս»,– նշում է ԱԺ փոխնախագահը` Հայաստանի իշխանությունից պարզաբանում ու համարժեք հայտարարություններ պահանջելով և հիշեցնելով, որ հայտարարություն անողը Ադրբեջանի «ինչ-որ «ճ» կլասի պաշտոնյա չէ», այլ` այդ երկրի նախագահը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ կա ադրբեջանական բանակի տրամադրության տակ, կարող է ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական դիրք ու օբյեկտ։