Գոռ Երիցյանը նոկաուտի ենթարկեց ֆիլիպինցի մրցակցին

Կազանում ավարտվեց բռնցքամարտի երեկոն, որը կրում էր «Կազանի Կրեմլի գավաթի» անունը: Կազմակերպիչները այց-երեկոն անվանել էին նաև Չեմպիոնների ռինգ: Երեկոյի ընթացքում ռինգ դուրս եկան հայազգի երեք բռնցքամարտիկներ, որոնցից երկուսը ներկայացնում էին Հայաստանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Թեթևագույն քաշային կարգում Նարեկ Աբգարյանը իրեն հատուկ գեղեցիկ ոճով ոչ մի շանս չթողեց ուզբեկ մրցակից Շահզոդբեկ Շարոբիդինովին հաղթանակի հասնելով միավորներով:

Նարեկ Աբգարյանի հաղթարշավը շարունակվում է

Նարեկը հաղթանակը այնքան էր ոգևորել Գոռ Երիցյանին, որ WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի համար մենամարտում մեր բռնցքամարտիկը ժամանակից շուտ հաղթանակ տարավ ֆիլիպինցի Ալվին Լագումբայի նկատմամբ:

Մենամարտի երկրորդ ռաունդում Գոռ Երիցյանը աջ կողային հարվածով ցնցեց մրցակցին ու ավարտին հասցրեց իր գրոհը: Մրցաշարն անմիջապես ընդհատեց մենամարտը և հաղթանակը շնորհելով հայ բռնցքամարտիկին:

Սա Գոռի 9-րդ մարտն էր. բոլոր մարտերը ավարտվել էին նրա հաղթանակով, ընդ որում՝ Գոռը բոլոր մրցակիցներին նոկաուտ էր արել:

Մարտից հետո Գոռը նշեց, որ չէր մտածում ժամանակից շուտ հաղթանակի մասին, բայց մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ շատ լավ էին պատրաստվել այս մենամարտին ու շատ ուրախ է, որ հաղթանակի է հասել: Հայ բռնցքամարտիկը իր հաղթանակից հետո շնորհակալություն հայտնեց Հայաստանին, ընտանիքին, բռնցքամարտի ֆեդերացիային ու մարզիչ Դավիթ Թորոսյանին:

Իսկ երեկոյի վերջին մենամարտում արդեն Ռուսաստանը ներկայացնող Արամ Ամիրխանյանը մրցեց նույնպես Ռուսաստանի ներկայացուցիչ Հուսեին Բայսանգուրովի հետ: Այդ մենամարտում միաժամանակ վիճարկվում էր չեմպիոնական չորս գոտի: