Ողբերգական դեպք Սյունիքում. մեքենան գլորվել է ձորը, 5 տարեկան փոքրիկը տեղում մահացել է

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, 150 մետր գլորվել է ու հայտնվել ձորում։ Տուժածների թվում նաև նորածին կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում գրանցված ավտոպատահարը ողբերգական ավարտ է ունեցել։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Երեկ` դեկտեմբերի 17-ին, ժամը 17:00-ի սահմանում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Արիստակես Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 35 RP 689 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվել ձորը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից մեկը` 5 տարեկան Միլենա Գրիգորյանը, տեղում մահացել է։

Վարորդը և ուղևորներից երկուսը` Արցախի Հանրապետության բնակիչներ, 39-ամյա Քրիստինե Ամյանն ու 14-ամյա Մարտիկ Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի Աղիտուի զինվորական հոսպիտալ։

Մյուս ուղևորները` Արցախի Հանրապետության բնակիչներ, 20-ամյա Սամվել Հակոբյանը և 5 ամսական Մարիաննա Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդի աղջիկն էր: