ՀՀ–ում տեղի ունեցած իրադարձությունները չեն փոխել ՌԴ–ի հետ դաշնակցային հարաբերությունները

Ռուսական կողմը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին և համագործակցել տարբեր ոլորտներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները չեն փոխել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր իշխանության հետ

«Կցանկանայի հաջողություն մաղթել խորհրդարանին, կառավարությանը, որպեսզի նրանք արդարացնեն հայ ժողովրդի վստահությունը, սպասումները», – ասաց Կոպիրկինը։

Նրա խոսքով` ռուսական կողմը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին երկրի խնդիրները լուծելու հարցում և իրենից կախված ամեն ինչ անել, որպեսզի պատմական արմատներ ունեցող եղբայրական հարաբերություններն ամրապնդվեն և զարգանան։

Դեսպանը նշեց, որ այդ հարաբերությունները պետք է դուրս գան նոր մակարդակ, ինչը ներկա իրողությունների, արագ փոփոխվող աշխարհի պահանջն է։ Նրա խոսքով` Հայաստանի իրադարձություները Ռուսաստանի հետ դաշնակցային, ռազմավարական հարաբերություններում հիմնարար փոփոխությունների չեն հանգեցրել։

Դրանց վկայությունն են շփման ինտենսիվությունը, բարձր մակարդակում անցկացվող երկխոսությունը (այդ թվում` ինտեգրացիոն հարաբերությունների շրջանակում), առևտրատնտեսական հարաբերությունները։ Շարունակում է զարգանալ խորհրդարանական գործակցությունը, ինտենսիվ են գործակցում ԱԳՆ–ները։

Նրա խոսքով` ակտիվորեն զարգանում են հարաբերությունները մշակութային և կրթական ոլորտում։

Դեսպանը նշեց, որ ԵԱՏՄ–ի անդամակցությունը թույլ է տվել 17 տոկոսով ավելացնել ապրանքաշրջանառությունը։ Վերջին երկու տարում Հայաստանն արտահանումն ավելացրել է 50 տոկոսով։