Գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշման հիմքում կլինի ՀԱՊԿ–ն ամրապնդելու սկզբունքը. դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խոսեց ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար նշանակելուց հետո կառույցի արդյունավետությունը պետք է բարձրանա։ Այսօր` դեկտեմբերի 18-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Փաշինյան vs Լուկաշենկո. ՀԱՊԿ–ի գործունակությունը

«Այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է կազմակերպությունն ամրապնդելու, անդամ երկրների միջև համաձայնությունն ամրապնդելու հիմնարար շահի վրա», – ասաց Կոպիրկինը։

Դեսպանի խոսքով` Ռուսաստանը շահագրգռված է, որ հարցը լուծվի առանց կազմակերպության արդյունավետությունը վնասելու. ՀԱՊԿ–ը պետք է ամրանա նաև իրավական հարցերը կատարելագործելու, այս կամ այն հարցի շուրջ անճշտությունները պարզելու շնորհիվ։

Ինչ վերաբերում է նոր գլխավոր քարտուղարին, ապա այդ հարցը լուծվում է պետությունների առաջնորդների մակարդակով։

«Կարծում եմ, որ ընդունվելիք որոշման հիմքում կլինի կազմակերպությունն ամրապնդելու մեր ընդհանուր շահագրգռվածությունը», – նշեց Կոպիրկինը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։