Հանքաքարի փոխադրման ծավալը կմեծանա. ՀԿԵ–ն ու GeoProMining Gold–ը պայմանագիր են ստորագրել

Ընկերությունների ստորագրած փաստաթուղթը թույլ կտա ավելացնել Սոթք - Արարատ երկաթուղով հանքաքարի փոխադրման ծավալը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի– Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և GeoProMining Gold ՍՊԸ գլխավոր տնօրեններ Սերգեյ Վալկոն և Անատոլի Գոգոտինը ստորագրել են 2019 թվականին Սոթքի հանքավայրից Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա ոսկու հանքաքարի փոխադրումներ կազմակերպելու մասին պայմանագիրը: Այս մասին հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։

ՀԿԵ-ն շարունակում է Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային բեռնափոխադրումների հայտեր ընդունել

Պայմանագրի համաձայն` 2019 թվականին 269 կիլոմետր երկարությամբ Սոթք - Արարատ երկաթուղով հանքաքարի փոխադրման ծավալը կկազմի 1,5 մլն տոննա, ինչը 2018 թվականի ցուցանիշի համեմատ 10%-ով շատ է։ 2017 թվականին այդ ուղղությամբ հանքաքարի փոխադրման ծավալը կազմել էր 1,18 մլն տոննա։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նշել է, որ GeoProMining Gold-ն երկաթուղու հիմնական գործընկերներից մեկն է, իսկ ոսկու հանքաքարի փոխադրումները կազմում են ընկերության ներհանրապետական փոխադրումների գրեթե կեսը:

Մշակվում է երկաթուղու շարժակազմի թարմացման ծրագիրը և 3 տարիների ընթացքում ՀԿԵ-ն նախատեսում է գնել մոտ 200 նոր վագոններ՝ հիմնականում GPM Gold-ի կողմից պահանջված տեսակների:

GeoProMining Gold ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինն էլ նշել է, որ ստորագրված պայմանագիրը ոչ միայն թույլ կտա 10%-ով ավելացնել հանքի բեռնափոխադրումների ծավալները ոսկու կորզման գործարան, այլև 50 հաստիքով ավելացնել ընկերության աշխատողների թիվը, ինչը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի սոցիալական վիճակի վրա:

Հանքաքարով գնացքներն ավելի արագ կընթանան. ՀԿԵ–ն թարմացրել է ավտոմատիկան Զոդ կայարանում

2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ՀՀ պետական բյուջե է վճարել 8,871 մլրդ դրամ` զբաղեցնելով 4-րդ տեղը հանրապետության խոշոր հարկ վճարողների ցանկում (8,163 մլրդ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համար)։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նույն ժամանակահատվածի համար ՀՀ պետական բյուջե է վճարել 1,963 մլրդ․դրամ, Հայաստանի խոշոր հարկ վճարողների ռեյտինգում գրավելով 39 -րդ հորիզոնականը (1,887 մլրդ դրամ 2017թ․ առաջին կիսամյակի համար)։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունն ընդգրկված է «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային ընկերությունների խմբի կազմում։ 2007-2017 թվականների ընթացքում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Սոթքի հանքավայրն ամբողջությամբ նորացվել են։ 2008 թվականից ի վեր Սոթքի հանքավայրի տեխնիկական վերազինման և Արարատի ֆաբրիկայի վերակառուցման համար ընկերությունը ներդրել է 200 մլն ԱՄՆ դոլար։ Ընկերությունում աշխատում են 1 240 մարդ, որոնցից 753-ը` Սոթքի հանքում, 432-ը` Արարատի ֆաբրիկայում։ Ընդհանուր առմամբ Հայաստանում աշխատելու 10 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգը կատարել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն «Ռուսական երկաթուղու» 100%-նոց դուստր ձեռնարկությունն է և 2008 թվականից իրականացնում է Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը։ 2008-2017 թվականների ընթացքում ենթակառուցվածքների զարգացման և շարժակազմի նորացմանն ընկերությունն ուղղել է 260 մլն դոլար։ «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկն է. Ընկերությունում աշխատում են ավելի քան 3 հազար մարդ։