Հայ կիթառահարը լավագույնն է ճանաչվել Yamaha E-Band Competition մրցույթում

Խորեն Միքայելյանը մասնակցել է մրցույթին և մի քանի հազար դոլարանոց էլեկտրական կիթառ է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Երիտասարդ երաժիշտ և կոմպոզիտոր Խորեն Միքայելյանը հաղթել է Yamaha E-Band Competition 2018 մրցույթի «Լավագույն» կիթառահար անվանակարգում։

Երաժշտություն առանց սահմանների․ եվրոպական քաղաքների փողոցները գրավող հայ ջութակահարը

Մրցույթում ներկայացվել է «Թաթարբորակի» ստեղծագործությունը։ Միքայլեյանին մի քանի հազար դոլարանոց էլեկտրական կիթառ, դիպլոմ և հուշանվեր են տվել։ Վիրտուոզ կիթառահարը մրցանակները ստացել է Yamaha–ի երևանյան ներկայացուցչությունում։

Երրորդ անգամ անցկացված մրցույթին մասնակցել են ԱՊՀ–ի, Արևմտյան Ասիայի, Աֆրիկայի ու արաբական երկրների երաժիշտները։

Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանը մրցույթում ներկայացրել էր Դանիել Մելքոնյանը և հաղթել «Լավագույն փողահար» անվանակարգում։

Խորեն Միքայելյանը ծնվել է 1988թ. հոկտեմբերի 11-ին Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: 2002թ-ից զուգահեռ հաճախել է Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի փողային բաժին` գալարափողի դասարան: 2004թ-ից սկսել է կիթառ նվագել կիթառ: 2005թ. Վլադիմիր Հովհաննիսյանի և Սարգիս Հովակիմյանի հետ հիմնադրել է «Scream of silence» ռոք խումբը: 2005-10թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժնում: 2007թ. Արտաշես Դարբինյանի և Արտավազդ Բաղդասարյանի հետ հիմնադրել է «Նաիրի» ռոք խումբը, որի կիթառահարն է: