ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին փոխնախարարի լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ (անունը չի նշվում)։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` հավելելով, որ նոր հանգամանքներն ի հայտ են եկել «Հարավկովկասյան երկաթուղում» թույլ տրված չարաշահումների քննության ընթացքում։
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ին փոխանցելու մասին ՀՀ կառավարության հետ 2008թ-ին կնքված պայմանագրով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը իրավունք է վերապահվել տարին մեկ անգամ ուսումնասիրություններ կատարել` պարզելու պայմանագրի պայմանների և կատարման ընթացքը։
Այդ նպատակով նախարարության և աուդիոտարական ընկերության միջև կնքվել է աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 40.020.000 ՀՀ դրամ արժեքով։
2015թ. փետրվարին կատարված աուդիտի արդյունքում արձանագրվել են ֆինանսական բնույթի մի շարք չարաշահումներ, այդ թվում՝ երկաթուղային ենթակառուցվածքներում 428 միլիոն ՀՀ դրամի չկատարված շինարարական աշխատանքներ:
Այդ աշխատանքները համակարգող ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալը հայտնաբերված չարաշահումների մասին հաղորդում չի ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին,ինչի արդյունքում միջոցներ ձեռք չեն առնվել «Հարավկովկասյան երկաթուղուն» ստանձնած պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ:
Նախարարի տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ հարուցված քրեական գործը ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության տիրույթում ։
Հիշեցենք` 2008թ. փետրվարի 13-ին ՀՀ կառավարության և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի միջև կնքված կոնցեսիոն պայմանագրով ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարի ժամկետով հանձնվել է «Ռուսական Երկաթուղիների» կառավարմանը, որի դիմաց ընկերությունը պարտավորվել է 122 մլրդ 348 մլն ՀՀ դրամ ներդրում կատարել երկաթուղային ենթակառուցվածքներում և 52 մլրդ 209 մլն դրամ` շարժակազմերում։