Նախարարության աշխատակիցներից առաջ պետք է կրճատել նախարարների ու փոխնախարարների թիվը

Պետական ապարատի օպտիմալացումը հանգեցնելու է սոցիալական խնդիրների։ Կրճատման ծրագրերը սոցիալական բաղադրիչ չունեն։ Այս մասին այսօր հայտարարել է տնտեսագետ Սուրեն Պարսամյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Ծախսերի կրճատումը դեռ կառավարման արդյունավետության բարձրացման մասին չի վկայում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Փաշինյանի կառավարության հայտարարած կրճատումներին, ասաց տնտեսագետ Սուրեն Պարսամյանը։

Պետական կառավարման համակարգում կրճատումներ կլինեն. 6-8 նախարարություն կվերանան

«Պետական համակարգի ուռճացված լինելու մասին խոսում են մարդիկ, ովքեր մի օր անգամ չեն աշխատել պետական համակարգում, ծանոթ չեն պետական համակարգի գործառույթներին, սովոր չեն այդ աշխատանքային մթնոլորտին»,– ասաց նա` միաժամանակ հավելելով, որ առ այսօր հայտնի չէ, թե որքան աշխատատեղ ու որ գերատեսչություններում են կրճատվելու։

Տնտեսագետը չի բացառում, որ այդ գաղտնիությունը միտված է հնարավոր դժգոհություններից խուսափելուն։

«Օպտիմալացման ծրագրերի մեջ գոյություն չունի սոցիալական բաժին, որտեղ նշվեր այլ աշխատանքով ապահովելու վերապատրաստման ծրագրերի, պետական աջակցության մասին։ Իսկ դա ինչն ավելի կսրի սոցիալական խնդիրները»,– ասաց Պարսամյանը` չբացառելով, որ կրճատումները կհանգեցնեն սոցիալական լուրջ հետևանքների ու արտագաղթի նոր ալիքի։

Ի տարբերություն շարքային աշխատակիցների, պաշտոնյաների կրճատումը` այդ թվում` նախարարների ու փոխնախարարներին, Սուրեն Պարսամյանը ոչ միայն ողջունում, այլև անհրաժեշտ է համարում, քանի որ, նրա խոսքով, որոշ նախարարներ 4-5 տեղակալ ունեն` յուրաքանչյուրն իր ծառայողական ավտոմեքենայով ու սպասարկող անձնակազմով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի և այդ հարցն արդեն քննարկվում է։ Ըստ Փաշինյանի` գործող 17 նախարարություններից առաջիկայում կմնան 12–ը։