Պաշտոնեական լիազորությունները չարաշահել են, հավանություն տվել շեղումներով արված շինությանը

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պատկան մարմինները չեն արձանագրել շինարարության ընթացքում առկա շեղումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, 2009 թվականի ապրիլից պատշաճ վերահսկողություն չեն սահմանել  Երևան քաղաքի Ամիրյան 4/5, 4/14, 4/24 հասցեներում իրականացվող շինությունների շինարարության ընթացքում առկա շեղումներին:

Չարաշահումներ. պետությանը պատճառել են ավելի քան 160 միլիոն դրամի վնաս

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը ստացվել և վարույթ է ընդունվել:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերոհիշյալ կառույցները չեն արձանագրել շինարարության  ընթացքում առկա շեղումները, իսկ 2012 թվականի փետրվարի 26-ին վավերացրել են շինարարության շահագործման փաստագրման վերաբերյալ փաստաթղթերը՝ հաստատելով, թե, իբր, վերոհիշյալ հասցեներում կառուցվող անավարտ շինությունների շինարարությունը 2012 թվականի փետրվարի 27-ին ավարտվել է, և  այն համապատասխանում է նախագծային փաստաթղթերին, և հիշյալ շինությունները պատրաստ են շահագործման, ինչն էական վնաս է պատճառել նշված շինություններում անշարժ գույք ստանալու իրավունք ունեցող քաղաքացու, ինչպես նաև՝ այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: