Արցախում միանգամից 2 արտակարգ դեպք է գրանցվել. 3 զինվորական վիրավորում են ստացել

Նրանցից 2–ը գտնվում են Ստեփանակերտի հոստիպալում, 3–ին տեղափոխել են Երևան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Արցախի առաջնագծերից մեկում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 2 սպա տեղափոխվել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը և հավելում, որ վիրավորում ստացած պաշտպանության բանակի սպաները Արայիկ Բալայանն ու Հրաչիկ Քոչարյանն են։

Հնարավոր է՝ վաղը նշված անձինք Ստեփանակերտից տեղափոխվեն Երևանի Մուրացանի հոսպիտալ։

Զինվորի աչքը վնասել է ծառայակիցը. Արցախում տեղի ունեցած դեպքի մանրամասները

Մեկ այլ արտակարգ դեպք էլ տեղի է ունեցել պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայող զինվորներից մեկի հետ։ Կրկին Shamshyan.com-ի տեղեկություններով` Ապարանի զինկոմիսարիատից զորակոչված 20-ամյա Արգիշտի Հակոբյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղից էլ, ըստ տեղեկությունների, տեղափոխվել Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Նշված 3 փաստերով Արցախի պաշտպանության բանակում նախաքննություն է սկսվել։

Sputnik Արմենիայի զանգին ի պատասխան Արցախի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանն ասաց, որ ինքը Shamshyan.com-ի տեղեկությունները չի մեկնաբանում, իսկ լրագրողի դիտարկմանը, թե պատկան մարմինը դուք եք, ձեզանից ենք ակնկալում տեղեկության հաստատում կամ հերքում, պարոն Սենոր Հասրաթյանն անջատեց հեռախոսն ու հարցը թողեց անպատասխան։