Ինչու է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը բացառապես հայերեն լինելու. բացատրում է հաղորդավարը

Կարեն Քոչարյանը հավաստիացնում է, որ հայալեզու խաղերի վարկանիշն ավելի բարձր է, քան ռուսալեզու ծրագրերինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հայկական տարբերակին անցում կատարելը պայմանավորված է բացառապես շահութաբերության նկատառումներով, հարկադրման մասին խոսք չկա, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ այսուհետ Հայաստանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ը բացառապես հայերեն կլինի։

«Հայալեզու ծրագրերի վարկանիշն ավելի բարձր է, քան ռուսալեզուներինը։ Իրականում դա ճաշակի հարց է, բայց կոմերցիոն տեսանկյունից ավելի նպատակահարմար է խաղը հայերեն վարել։ Սա ընդամենը բիզնես է։ Ինձ ոչ ոք չի ստիպել», - ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ սկզբում երբ որոշել են հաղորդումը ռուսերեն հեռարձակել, հիմքում եղել է մոսկովյան ակումբում հայ գիտակների ճանաչելիության հարցը։ Քոչարյանի խոսքով՝ հիմա առաքելությունը կատարված է և կարելի է անցնել հայերենի։ Հայ գիտակներին արդեն գիտեն, իսկ Հայաստանում աշխարհի առաջնություններ են անցկացվում։

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ը բացառապես հայերեն է լինելու. Հարությունյանը խոսել է Քոչարյանի հետ

Հայկական հեռուստատեսությամբ ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի ադապտացված տարբերակի առաջին նկարահանումներն իրականացվել են 2002թ-ի փետրվարին։ 2005թ-ին դադարեցվել է հաղորդման հեռարձակումը, այն վերսկսվել է 2010թ-ի գարնանը։

Նշենք, որ այս տարի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը երկրորդ անգամ անցկացվեց Հայաստանում։ Առաջնությանը մասնակցեցին 400 գիտակ` 65 թիմ 26 երկրից։ Հայաստան էին եկել գիտակներ ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ–ից ու Կանադայից։

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի օրիգինալ տարբերակ հեռարձակվում է 1976թ-ից։