Վանեցյանն ուզո՞ւմ է վարչապետ դառնալ. պատասխանում է ԱԱԾ տնօրենը

Վանեցյանի և ԱԱԾ-ի հեղինակությունը բարձրացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վճռականության շնորհիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը քաղաքական կարիերա կառուցել ծրագրեր չունի։ Այդ մասին նա ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նա նշեց, որ ուրախ է բարձր վարկանիշ ունենալու համար, բայց դա իր անձնական վաստակը չէ, այլ ամբողջ կառույցի։ ԱԱԾ ղեկավարը երկար ժամանակ աշխատել է համակարգում, և նրա վարկանիշը բարձրացել է ներկա վարչապետի իրականացրած ոչ բռնի հեղափոխության շնորհիվ։

«Ժողովուրդը սկսեց ընդունել և հավատալ իշխանություններին։ Այդ պայմաններում ձեռք բերվեց այսօրվա վարկանիշը։ Առանց վարչապետի այդ վարկանիշը, որը հիմա ունեմ, երբեք չէր լինի», - ասաց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ այսօր բնակչության ճնշող մեծամասնությունը սիրում և ընդունում է ԱԱԾ-ին։

«Ես այդ վարկանիշը քաղաքական կապիտալի վերածելու նպատակ չունեմ։ Ես զինվորական եմ, հատուկ ծառայությունների գնդապետ և ես մտադրություն չունեմ զբաղվելու քաղաքականությամբ» , - ասաց նա։

Վանեցյանը հավելեց, որ երբեք չի մտածել վարչապետ դառնալու մասին։ Նա նշեց, որ ընդհանուր առմամբ ոչինչ չի բացառում, բայց սա այդ դեպքը չէ։